Հայաստանում հողերի ոռոգման խնդիրը միշտ էլ առաջնային բնույթ է կրել, ու որևէ մեկի համար դա նորություն չէ: Ըստ վիճակագրության, որը օգոստոսի 24-ին Կառավարության նիստում հնչեցվել էր, մեր երկրում ոռոգելի հողատարածքների գրեթե կեսն անջրդի վիճակում է գտնվում: Այսպես՝ պարզվում է 208 հազար հեկտար ոռոգելի հողատարածքից 90-130 հազար հա-ը չի ոռոգվում:

Թե ինչ կարող է նշանակել Հայաստանի պես խիստ սահմանափակ հողային ռեսուրսներ ունեցող երկրի համար այս խայտառակ վիճակագրությունն,իհարկե, մանրամասնել պետք չէ. սա նշանակում է,որ մենք գյուղատնտեսությունում ունեցած մեր պոտենցիալի ուղիղ կեսը չենք օգտագործում մի պարագայում,երբ նույնիսկ լոլիկն է այստեղ հիմնականում թուրքական ծագման: Տպավորություն է ՝ասես  այնքան հարուստ ենք,որ բացառապես կյանքը վայելելու փափկասուն ցանկությունից դրդված՝ անտեսել ենք բնությամբ մեզ պարգևված բարիքը՝հողը:

Իրականում, սակայն, այս ցավալի իրավիճակի արմատները բավական խորն են, համակարգային: Բոլորին է հայտնի,թե ինչ իրավիճակ է տիրում այսօր ոռոգման ոլորտում: Մի կողմից հասարակ գյուղացիներին պատկանող ցանքատարածությունների մի հսկայական հատված ջուր չլինելու պատճառով  անապատանում է, մյուս կողմից խոշոր սեփականատերերը, որոնց շարքերում քիչ չեն հայրենի չինովնիկները, ուղղակի երանելի վիճակում են հայտնվել. հասարակ գյուղացիների հաշվին իրենց հողն են պարարտացնում ու լիանում:

Այսինքն՝գործ ունենք հայկական իրականությանը խիստ բնորոշ երևույթի հետ,որը տարածված է կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Մի բան հաստատ է՝ եթե համընդհանուր մտածելակերպը ,բայց հատկապես պետական կառավարման համակարգը, արմատական փոփոխություններ չկրեն, անջրդի հողերի խնդիրը նվազագույնն է լինելու այն պրոբլեմներից,որ ծագելու են մեզանում:

Հետևաբար՝ Հայաստանի աղքատության արմատները պետք է ավելի շատ պայմանավորել ոչ թե օբյեկտիվ,այլ սուբյեկտիվ գործոններով.Կառավարության խնդիրը պետք է լինի սուբյեկտիվ գործոնների բացառումն ի սկզբանե:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ