Բոլորովին էլ նորություն չէ, որ հայաստանյան ներքաղաքական կյանքում հնի ու նորի միջև տարբերությունը միշտ էլ մի տեսակ լղոզված է եղել. ամեն նոր քաղաքական սեզոնի բացման հետ, չնայած հույսեր են արթնանում, որ երկրի առջև կուտակված լրջագույն խնդիրները վերջապես կգտնեն իրենց լուծումն ու քաղաքական առողջ բանավեջի բովից վերջիվերջո կծնվի ճշմարտությունը, սակայն կյանքը ցույց է տալիս, որ բոլոր նմանօրինակ հույսերը, որպես կանոն, փուչ են դուրս գալիս` իրողություն, որը չի կարող հարցեր չառաջացնել:

Նախ` ակնհայտ է, որ այլևս չարչրկված պրոբլեմներին հին մոտեցումներով լուծում տալու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են անհաջողության: Եթե ուզում ենք իրոք խնդիրներին լուծում տալ, այլ ոչ թե ականատես դառնալ, թե ինչպես են ասենք նույն այդ պրոբլեմների հաշվին ոմանք քաղաքական կարիերա կերտում, պետք է վերանայել դաշտում հաստատված խաղի կանոններն ու համընդհանուր մոտեցումները: Ի դեպ` քաղաքական դաշտում նոր սկզբունքների հաստատման կենսական անհրաժեշտության մասին իր վերջին հարցազրույցում հստակորեն ու փաստարկված կերպով խոսել էր «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը, ով, ըստ էության, դիպուկ կերպով շարադրել էր այն հիմնական սկզբունքները, որոնց տրամաբանության ծիրից ներս էլ միմիայն պետք է կառուցվի ներհայաստանյան քաղաքական կյանքը` իրական արդյունքի հասնելու համար. շիտակ երկխոսություն քաղաքական ուժերի միջև, հասարակության ամենալայն ներգրավվածություն ռեալ գործընթացներում, հասարակության ինտելեկտուալ ներուժի լիարժեք օգտագործում ի բարօրություն Հայաստանի, որն անխուսափելիորեն հանգեցնելու է «ուղեղների արտահոսք» կոչվող ցավալի երևույթի ինքնաբերաբար վերացմանը, քաղաքականության մեջ ոչ թե անձերի, այլ ծրագրերի ու նպատակների կարևորում, ինչն, ըստ էության, վերջապես թույլ է տալու քաղաքական սուբյեկտիվիզմից անցում կատարելու օբյեկտիվիզմին` մի բան, որն այնքան կարևոր է մեր երկրի հետագա զարգացման համար, բայց որին մենք այդպես էլ չենք կարողանում հասնել:

Իրականում մեկ բան հաստատ է` եթե մենք ցանկանում ենք բարեփոխել Հայաստանը, եթե քաղաքական ուժերը լիարժեքորեն գիտակցում են իրենց առաքելության կարևորությունն ու լրջությունը, որպես իրենց գործունեության ելակետ ու հիմնական նպատակ են հռչակում հայ հասարակության բարօրությունն ու Հայաստանի շահը, ապա պետք է միավորվեն մեկ ընդհանուր գաղափարի ու սկզբունքների շուրջ: Այսինքն` իրար դեմ պայքարելու փոխարեն պետք է միասնաբար պայքար մղեն հասարակության շահերն առաջ տանելու համար, որն ի դեպ, առանց նույն արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցության ուղղակի անհնար է լինելու: Չմոռանանք, որ այդ ուժերի հետևում նույնպես հսկայական էլեկտորատ կա կանգնած, ժողովրդի մի մեծ զանգված, ինչը նշանակում է, այսպես ասած, փակ ակումբի սիստեմ, երբ մի քանի ընտրյալներ հավաքվում ու քննարկում-որոշում են ճակատագրական հարցեր, ինչը պետք է բացառել. կոնսոլիդացիան ու համախմբումը պետք է լինի իսկապես ընդգրկուն ու արտահայտի հասարակության բոլոր շերտերի կարծիքն ու շահերը:

Անթույլատրելի է հասարակությանը կտրել երկրում ընթացող ռեալ պրոցեսներից, առանց նրա մասնակցության որոշել նրա իսկ ճակատագիրը. սա պետք է հասկանան բոլորը` թե՛ իշխանությունները, թե՛ նրանք, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից: Դա անթույլատրելի է հատկապես Հայաստանի պարագայում, որի ժողովուրդը վաստակել է սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով կերտելու բարոյական իրավունքը. քաղաքական ուժերը պետք է ժողովրդի կամակատարները լինեն, այլ ոչ թե վերջինիս ծառայեցնեն իրենց շահերին: Նոր քաղաքական մշակույթ է պետք ձևավորել Հայաստանում:

Այնպես որ` այն հարցը, թե որքանով նոր քաղաքական սեզոնը բեղուն կստացվի, որքանով ոչ, ուղղակիորեն կախված է այն հարցի պատասխանից, թե որքանով համապատասխանները կգիտակցեն վերոշարադրյալ ճշմարտությունները, որքանով` ոչ: Հայաստանը մոտեցել է մի եզրագծի, երբ չվերանայել խաղի համընդհանուր կանոններն այլևս չի կարելի. պահը հասունացել է վաղուց, մնում է միայն ազդարարել դրա մեկնարկի սկիզբը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ