Հայաստանի ապագա վարչապետի հարցը շարունակում է մնալ օրակարգում գտնվող թիվ մեկ թեման, ու, որքան էլ փորձ արվի այդ թեման գոնե միառժամանակ լռության մատնել, փաստ է, որ 2018-ի ապրիլին մնացել են ընդամենը հաշված ամիսներ:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական հավաքին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապագա վարչապետի հարցին,բավական ուշագրավ շեշտադրումներ է կատարել իր խոսքում, որոնք,ըստ էության,որոշակի պատկերացումներ են տալիս իշխանական բուրգում այս հարցի շուրջ իշխող տրամադրությունների մասին:

Այսպես` նախ` Բաբլոյանը լիովին հերքել է ՀՀԿ-ի անմիաբանությունը կարևորություն ներկայացնող հարցերում, ապա հիացմունք հայտնելով Կարապետյանի աշխատելաոճի ու Կառավարության գրանցած արդյունքների վերաբերյալ` բոլորին հավաստիացրել է` Հայաստանի ապագա վարչապետի հարցը բոլոր քաղաքացիներին վերաբերող խնդիր է, որը լուծվելու է ՀՀԿ-ի ու,ուշադրությո՛ւն, ՀՅԴ-ի համատեղ որոշման արդյունքում` այսպիսով, ըստ էության, ցանկանալով պահպանել ինտրիգը վարչապետի հարցում:

Բաբլոյանի պատասխանները, թերևս, ավելի շատ առաջացնում են հարցադրումներ,քան տալիս են կոնկրետ պատասխաններ: Ընդհանրապես, նկատենք, որ ապագա վարչապետի անձին վերաբերող թեման կրկին հայտնվեց լայն քննարկման դաշտում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ,որ նախագահ Սարգսյանը մեկնելու է Սոչի Պուտինի հետ հանդիպման:

Մի շարք հեղինակավոր փորձագետներ շտապել էին համոզմունք հայտնել,որ Սարգսյան-Պուտին հանդիպման առաջնային թեմաներից լինելու է նաև վարչապետի հարցը, քանի որ այնքան էլ երկար ժամանակ չի մնացել ճակատագրական օրվան, ու միանգամայն բնական է,որ այդ թեման չէր կարող դուրս մնալ երկու նախագահների օրակարգից:

Ինչ խոսք, մենք ոչ մի հիմք չունենք այս տեսակետը հերքելու կամ փնովելու,պարզապես միակ հարցը,թերևս,որ ծագում է այսքանից հետո այն է,թե իրականում ինչն է ստիպում իշխանություններին հանրությունից կամ, պատկերավոր ասած,նույնիսկ ինքն իրենից գաղտնի պահել ապագա զարգացումների հունն այն պարագայում,երբ թվում է`այլևս անպատասխան հարցեր պետք է որ մնացած չլինեին:

Բանն այն է,որ եթե նույնիսկ աշխարհի բոլոր ուժային կենտրոններն էլ համաձայնության եկած լինեն ասենք նույն Սերժ Սարգսյանի թեկնածության շուրջ,ապա ՀՀԿ-ն իրեն չի կարող թույլ տալ ավելորդ ճոխություն, ու հենց էս գլխից հարցը միանգամից փակել`ասենք հայտարարելով` Հայաստանի հաջորդ վարչապետը ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն է, քանի որ այս պարագայում երկրում կստեղծվի իսկական ճգնաժամ, քանի որ ներկայիս Կառավարությունը կհայտնվի հրաժարականի կարգավիճակում ու այդպիսով կսասանվեն Կարապետյանի դիրքերը, ինչն, ըստ էության, ոչ մեկի ապագա պլանների մեջ չի մտնում: Այս գործն, ինչպես ասում են, հանգիստ է սիրում, ու ժամանակից շուտ ավելորդ շարժումները կարող են թանկ նստել իշխանական բուրգի վրա:

Ինչ էլ լինի,մեկ բան հստակ է.ինտրիգը դեռևս պահպանվելու է, ու հանրությունն ապագա վարչապետի անունն իմանալու է ամենավերջում:

Ի դեպ` վարչապետի հարցը միակը չէ, որ հուզում է շատերին. կա նաև ապագա նախագահի հարցը, որի թեկնածուն նույնպես դեռևս անհայտ է. այս երկու հարցերը, եթե կուզեք, մեկ ամբողջություն են կազմում ու մեկն առանց մյուսի չի կարելի դիտարկել. հարցն, ինչպես ասում են, համալիր լուծում է պահանջում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ