Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում հյուրընկալվել է Երկրապահ կամավորների միության «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիրում, որտեղից էլ մեկնել է Ծաղկաձոր` երեկոյան ելույթ ունենալով «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների առջև:

«Բազեում» Սերժ Սարգսյանի կարճ ելույթի մեխը եղել է քաղաքական հանդուրժողականությունը:

«Հավատացեք, որ քաղաքական դաշտում համաձայնության գալը, հաշտության գալը շատ կարևոր է, և ընդհանրապես կյանքում փոխզիջումների միջոցով համաձայնության գալը շատ կարևոր հանգամանք է:

Խոսքս չի վերաբերում հարմարվողականությանը, այլ դիմացինի շահը հասկանալուն, և վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հիշում են հայտնի մարդու այն ասացվածքը, որ ամենաքաղցր հաղթանակը այն հաղթանակն է, որը ձեռք է բերվել քիչ կորուստներով, քիչ ջանքերով: Հավատացե՛ք, որ դա այսպես է: Ես կցանկանայի, որ երբ արդեն այլ հարցերում անմիջականորեն սկսեք մեծավարի զբաղվել, միշտ լինեք համաձայնության գալու կողմնակիցը: «Ընդդեմ», «հակա» կարգախոսներով որևէ հաջողության անհնար է հասնել»,– երիտասարդներին ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը, փաստորեն, նոր շունչ է հաղորդում  «ազգային համաձայնության իշխանության» իր գաղափարին և այդ գիծը կշարունակվի և նոր բաղադրիչներով կհարստանա սեպտեմբերին, երբ սպասվում են Հայաստան-Սփյուռք համաժողովը և համահայկական խորհրդի ստեղծումը:

Երբ իշխանությունը չունի կոնսոլիդացվելու, քաղաքական նոր օրակարգ առաջ քաշելու պոտենցիալ, շեշտը, որպես կանոն, դնում է նման արտաքուստ հնչեղ, բայց ներքին բովանդակությունից զուրկ գաղափարների վրա:

Նոր իշխանության ձևավորման հարցում հասարակությունն ու քաղաքական դաշտը դիտորդի կարգավիճակում են, ՀՀԿ-ում էլ գործընթացն ընթանալու է կուլիսների հետևում` այն սցենարով, որը կորոշի Սերժ Սարգսյանը:

Չենք հիշում նման իրավիճակ, երբ Հայաստանում իշխանության ձևավորումը տեղի ունենա նման ապաքաղաքական իրավիճակում:

Համակարգին հաջողվում է ինչ որ վերադասավորումներով ու զոհաբերություններով «օպտիմալացվել», սակայն, նույնիսկ այդ դեպքում իշխանությունն ու արտոնյալ դիրքերը պահելը սկսել է ավելի շատ ռեսուրս խլել՝ գրեթե զրոյական «վերադարձելիության» ֆոնին:

Ավարտվող ամառն, այնուամենայնիվ, բացահայտեց, ավելի ճիշտ վերահաստատեց այն չկայացվածությունն ու անհեռանկարայնությունը, որը բնորոշ է մեր քաղաքական համակարգին:

Չնայած անցնցում ընտրություններին և ընդդիմության, ըստ էության, բացակայությանը, մեր քաղաքական համակարգը բնույթով անտագոնիստական և ոչ ռացիոնալ է մնում: