ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն իր մտահոգությունը հայտնեց՝ կապված հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի պահանջի հետ, որը պարտադիր պահանջ է դառնալու մի քանի օր  անց՝ սեպտեմբերի մեկին. «Ես կարծում եմ, որ այս պարտադիր պահանջը փոքր և միջին բիզնեսի համար կդառնա լրացուցիչ բեռ և խնդիր, ինչը կստիպի շատ բիզնեսմենների պարզապես փակել իրենց արտադրությունը: Լավ կլիներ, նախքան պարտադիր պահանջի սահմանումը, Կառավարությունը օգներ փոքր և միջին բիզնեսին՝ ձեռք բերել այդ սանիտարական անձնագրերը»: 

Հարցին՝ Կառավարության աջակցությունն ի՞նչ կերպ է պատկերացնում, Մելիտա Հակոբյանը պատասխանեց. «Կարելի է էժան վարկեր տալ՝ խթանելով փոքր և միջին բիզնեսը: Լիզինգով կարելի է այդ մեքենաները տրամադրել: Հակառակ դեպքում՝ պետք է ժամանակավորապես կասցեվի սանիտարական անձնագրերի պարտադիր պահանջը»:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահի համոզմամբ՝ չի բացառվում, որ սեպտեմբերի մեկից հետո մենք ունենաք տասնյակ փակված ընկերություններ, որի հետևանքով և՛ հացի, և՛ մսի շուկայում կկրկնվի այն,ինչ կրկնվեց փոքր խանութների հետ.«Տեսանք, թե ինչպես փակվեցին հարյուրավոր փոքր խանութներ՝ իրենց տեղը զիջելով հսկայական սուպերմարկետներին, ինչն էլ բերեց գործազրկության աննախադեպ աճ: Հիմա նույնը կարող է կրկնվել նաև այստեղ, և կստացվի՝ պետութունն իր այս պահանջով ավելացնում է գործազրկության մակարդակը»: 

Դիտարկմանը՝ ստացվո՞ւմ է, որ հացի և մսի շուկայում կձևավորվեն նոր մոնոպոլիաներ, Մելիտա Հակոբյանը պատասխանեց. «Միանշանակ,  կձևավորվեն նոր մոնոպոլիաներ: Այնպես չէ, որ մինչ այժմ դրանք չկային, բայց այս պարտադիր պահանջով ավելի կխոշորանան՝ մենաշնորհ դիրք կունենան հացի և մսի շուկայում՝ կուլ տալով մանր և փոքր  բիզնեսը: Ստացվում է, որ սուպերմարկետների նման այս ոլորտում էլ կունենանք խոշորներ, որոնք կթելադրեն խաղի կանոնները»:

Ի դեպ, Մելիտա Հակոբյանը նաև հավելեց, որ օգոստոսի վերջին իրենց միության աշխատակիցներն արդեն արձանագրել են, որ հացը շուկայում թանկացել է:  

Աղավնի Սուքիասյան