Եթե մեկ բառով նկարագրենք «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունը և դրան հաջորդած հրդեհը, դա աղետ բառն է: Սակայն աղետն ավելի է ծանրանում, երբ դրան հաջորդում է խուճապը: Այն քննարկումները, և այն խոսակցությունները, որ տեղի են ունենում սոցիալական ցանցերում և հանրության մեջ այս ժամերին, ոչ այլ ինչ է, քան խուճապ:

 

Այս ամենից հետո սարսափելին գործադիր իշխանության և հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի անտարբեր լռությունն է: Հարց է առաջանում՝ ո՞վ պետք է կառավարության անունից դիմի հասարակությանը և ցրի այն ամպրոպը, որը կուտակվել է այս պահին, եթե ոչ Կարեն Կարապետյանը:

 

Սակայն, աշխարհի չեմպիոնին օպերատիվությամբ շնորհավորող, տարատեսակ այլ երևույթներին հրատապ արձագանքող վարչապետը մի քանի ժամ է՝ լուռ է: Մարդիկ այս պահին գոնե բառերի են սպասում: Բառեր, որոնք կցրեն այն խուճապը, որն այս պահին է առկա:

 

Բանն այն է, որ խոսվում է քիմիական մասնաշենքի այրման և օդ արտանետվող վտանգավոր ծխի մասին: Իհարկե, պաշտոնապես ոչինչ չի հաստատվել, սակայն չի էլ հերքվել: Մարդիկ, հատկապես գործարանի մոտ տարածքներում բնակվող քաղաքացիները՝ խուճապի մեջ են:

 

Որտե՞ղ են մեր իշխանություններն ու պատկան այն մարմինները, որոնք պետք է ցրեն այդ խուճապային «ամպրոպը», որն այս պահին կախված է մեր՝ բոլորիս գլխին: Մարդիկ սպասումների մեջ են: Կա՞ն զոհեր, թե ոչ: Ի վերջո, գրողը տանի, ինչ է կատարվում Հայաստանի մայրաքաղաքի ամենաբանուկ թաղամասերից մեկի մոտակայքում բռնկված պայթյունի և հրդեհի հետևանքով: Չնայած տեղին չէ հումոր անելը, սակայն տպավորություն է, որ կառավարությունը բան ու գործը թողել՝ «թիթեռ» է նկարում:

 

Կարեն Կարապետյանը լուռ էր նաև Խոսրովի արգելոցի հրդեհի օրերին: Միայն վերջում, այսպես ասած Post factum արձագանքեց՝ շնորհակալություն հայտնելով հրդեհը մեկուսացրած փրկարարներին:

 

Սա այն դեպքերից է, երբ հասարակությունը զգում է, որ անտեր է մնում: Ոչ ոք տեր չի կանգնում իր ժողովրդին և ոչ մի բառ չի խոսում նրա հետ:

 

Խոսե՜ք պարոնայք, բացատրե՜ք, ասացե՜ք ինչ է կատարվում, և ինչ պետք է անեն քաղաքացիները: Լռությունը ամենացավոտ անտարբերությունն է, որին մատնել եք մարդկանց:

 

ՀԳ. Գոտիները ձգե՛ք և ուշադի՛ր եղեք ատոմակային: Ատոմակայանն էլ անվտանգ չէ: Այն ժամանակ  քարը քարին չի մնա:

 

Արսեն Սանամյան