Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին հանդիպելու են: Նրանք քննարկելու են Արցախյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ-ի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանն, անդրադառնալով երկու երկրների հոգևոր առաջնորդների հանդիպմանը, նշեց, որ հոգևոր առաջնորդները շատ բան կարող են անել ազգերի և պետական քաղաքականության մեջ. «Իշխանությունների դերը որքան էլ որոշիչ լինի,  քաղաքական հասարակության դերը նման պարագաներում ավելի է բարձրանում, և դրա ամենակարճ ճանապարհը լինում է հոգևոր դաշտը, բայց չեմ կարող ասել, թե որքանով կհաջողվի դա»,- ասաց Ախոյանը:

Նրա կարծիքով՝ այս հանդիպումից կարելի է սպասել միայն լավը, եթե իհարկե՝ ստացվի: Իսկ թե ինչ կփոխվի հանդիպումից հետո, նախկին պատգամավորը դժվարացավ կանխատեսել:

«Հայաստանը հանդիսանում է քրիստոնյա աշխարհի հարավային դարպասը և մենք ուզենք, թե՝ ոչ, պետք է շփվենք մեր հարևանների հետ, հարգենք միմյանց մշակույթը: Շատ կարևոր են կրոնական երկխոսությունները, որովհետև հատկապես իսլամական աշխարհում և քրիստոնեության մեջ կրոնը բավականին լուրջ ազդեցություն ունի: Համենայն դեպս, հոգևոր խոսքը կարող է մեծ ազդեցություն ունենալ խաղաղության կարգավորման գործընթացում, որովհետև այս հարցն ի վերջո լուծում պետք է ստանա, իսկ նեղ շրջանակներով լուծել չի լինի»,- նշեց նա:

Հարցին՝ ինչպես է վերաբերվում այն փաստին, որ հանդիպումը կկայանա Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ, Ախոյանը պատասխանեց.

«Հանդիպումը, բնականաբար, չէր կարող տեղի ունենալ Բաքվում կամ Երևանում, բնականաբար, պետք է լիներ Մոսկվայում կամ մեկ այլ տեղ: Բայց, քանի որ մենք բազմաթիվ կապերով կապված ենք Ռուսաստանի հետ, և Արցախի կարգավորման հարցը համատեղ անվտանգության հարց է, ուստի նորմալ է, որ հանդիպումը տեղի պետք է ունենա Մոսկվայում՝ Կիրիլի միջնորդությամբ»:

Սոնա Հարությունյան