Օգոստոսի 28-ին ժամը 20.00-ի սահմաններում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը «Նաիրիտ» գործարանի տարածքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են հրդեհի մեկուսացման առավել բարձր արդյունավետություն ապահովող հնարավոր միջոցները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻն-ից, դեպքի վայրում հովացման աշխատանքները շարունակվում են, որոնց համար, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ջրատարներից բացի, ջուր են մատակարարում նաև «Սանիթեք» ընկերության տրամադրած 6 ջրատարները:

Կրակն ամբողջությամբ գտնվում է հրշեջ-փրկարարների հսկողության տակ: Տեղում հերթապահություն է սահմանվել:

Դեպքի վայրում աշխատող 113 հրշեջ-փրկարարները հրդեհաշիջումն իրականացնում են կրակի օջախից 15-20 մետր հեռավորության վրա՝ առանց շնչառական օրգանների պաշտպանիչ միջոցների:

Փրկարար ծառայության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբն իրականացրել են տեղում վերցված օդի փորձանմուշների ուսումնասիրություն, որի արդյունքում օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել:

«Նաիրիտ» գործարանի կառուցման հիմքում դրված են այնպիսի ինժեներատեխնիկական լուծումներ, որոնք նվազագույնի են հասցնում գործարանում տեղի ունեցած ցանկացած վթարի բացասական ազդեցությունը հարակից բնակչության և շրջակա միջավայրի համար:

Այրվող նյութի քիմիական հատկությունները բացառում են պայթյունը: Այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար:

Ելնելով «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվող քիմիական նյութի քանակից և քիմիական հատկություններից՝ մասնագետները նշում են, որ հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու: Հրդեհը տեղայնացվել է և կանխվել դրա տարածումը գործարանի տարածքում: