Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պուտինի հետ չի քննարկել Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը։ «Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում և ասել եմ իմ պատկերացումը մեր հարևանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որևէ այդպիսի հարց չենք քննարկել», ասել է Սերժ Սարգսյանը։
 
Ուշագրավն այն է, որ Սարգսյանը չի հերքում, որ Մոսկվայի օրակարգում խաղաղապահների հարց կա և ոչ էլ կատեգորիկ կերպով հայտարարում է, թե այդ հարցը ժամանակավրեպ է կամ արհեստական, որովհետև հակամարտության կողմերը հեռու են վերջնական կարգավորումից կամ, ասենք, Հայաստանը առարկում է Մոսկվայի մտադրությանը: Սերժ Սարգսյանի հերքումը շատ զգուշավոր է և վերաբերում է կոնկրետ հանդիպմանը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ռուս-հայկական օրակարգում նման հարց, այնուամենայնիվ, կա: Մենք արդեն նկատել էինք, որ ՌԴ նախագահ Պուտինը պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, ու Հայաստանի նախագահ Սարգսյանի հետ հանդիպումը նպատակ ուներ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել: Բոլորին է հայտնի, որ ՌԴ-ն ցանկանում է ռուս խաղաղապահներ տեղակայել Արցախում: Ռուսաստանը սա փորձում է կյանքի կոչել առանց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումը Արցախում՝ ռուս խաղաղապահների տեղակայման պրոցեսի սկզբի վերջին շտրիխն էր ու հենց այս պատճառով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ստիպված հրապարակեց այն վեց կետերը, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հիմնախնդիրը: Այս կերպ ամերիկացի համանախագահը հիշեցրեց կողմերին, որ այս սկզբունքներից դուրս որևէ քայլ՝ կնկատվի խաղաղության հաստատման պրոցեսի խարխլում և չի ընդունվի միջազգային հանրության կողմից: Բնականաբար, ինչպես և 90-ականներին, այնպես էլ հիմա՝ Ռուսաստանի հիմնական նպատակը Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումն է: Կասկածից վեր է, որ Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի առկայությունը Հարավային Կովկասում իր իշխանության պահպանման հիմնական լծակն է, ուստի՝ հակամարտության կարգավորումը (կողմերից որևէ մեկի օգտին) ՌԴ շահերից չի բխում:Այնինչ՝ ռուս խաղաղապահների տեղակայումը մեկընդմիշտ կլուծեր երբեմն-երբեմն Կրեմլին չենթարկվելու համարձակություն ունեցող Հայաստանին ենթարկեցնելու հարցը: Միաժամանակ ակտիվացել են խոսակցությունները «առեղծվածային» Կազանի փաստաթղթի վերաբերյալ, որը 2011-ին առաջարկվել էր ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
 
Հայաստանը համաձայնել էր ընդունել այդ փաստաթուղթը, իսկ Ադրբեջանը՝ հրաժարվել: Այն ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում առ այն, որ ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանը համաձայնվել է հետ տալ ազատագրված նախկին ԼՂԻՄ կազմից դուրս գտնվող շրջանների մի մասը (ոմանք հայտարարում էին, որ դրանցից 5-ը, ոմանք էլ՝ բոլոր 7-ը), իսկ Ղարաբաղը պետք է հատուկ կարգավիճակ ստանար: Թեև այս փաստաթղթի հայկական կողմին ձեռնտու լինելու մասին կարելի է կասկածներ հայտնել, այդուհանդերձ՝ էլ ավելի կասկածելի է այն, որ Սերգեյ Լավրովը օրերս Բաքվում հայտարարել էր, որ ռուսական կողմն ունի առաջարկություններ՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ կողմերն այդ առաջարկություններն ընդունելուն մոտ են: Ի պատասխան այս հայտարարության, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ 2011 թվականին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Թե ինչ փաստաթղթի ընդունմանն են մոտ կողմերը՝ Կազանի, թե մեկ այլ, անհայտ է: Այդուհանդերձ, պարզ է, որ, եթե 4-օրյա պատերազմից հետո Կրեմլը Հայաստանին պարտադրի առաջարկություն, ըստ որի՝ տարածքների մի մասը հանձնվում է Ադրբեջանին, իսկ մյուսները ստանում են հատուկ կարգավիճակ՝ ռուս խաղաղապահների վերահսկողությամբ, ապա կունենանք հստակ դիվանագիտական ապացույց առ այն, որ Բաքվի վերջին հարձակումը եղել է Մոսկվայի թողտվությամբ, եթե ոչ հրահրմամբ:
 
Ստելլա Խաչատրյան