Մոլդովայի Հանրապետությունում օգոստոսի 25-ին ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանը հանդիպել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-մոլդովական հարաբերությունների զարգացման հեռանկարները, առևտրա-տնտեսական համագործակցության ակտիվացումն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մոլվոդայի վարչապետ Պավել Ֆիլիպը գոհունակոություն է հայտնել Մոլդովայում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ, նշելով, որ այն կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետը նշել է, որ այս տարի աշնանը նախատեսված է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնական այցը Հայաստան, և կարևորել այս տարվա նոյեմբեր ամսին հայ-մոլդովական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը Երևանում` նշելով, որ այն կարևոր քայլ է առևտրա-տնտեսական կապերի ծավալման և զարգացման ուղղությամբ:

Դեսպան Մովսիսյանը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների շրջանակներում օտարերկրյա նեդրումների և հայկական ապրանքների արտահանման խթանման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ անդրադարձ կատարելով այս տարի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անցկացված և նախատեսվող միջոցառումներին, որոնց թվում էին Երևանում տեղի ունեցած քաղաքական և իրավական խորհրդատվությունները, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումները: 

Մոլդովայի վարչապետն անդրադարձել է նաև Մոլդովայում տնտեսական բարեփոխությունների և մասնավորապես ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերին և նախաձեռնություններին:

Հանդիպման ժամանակ կողմերն ամդրադարձել են նաև տրանսպորտային հաղորդակցության հարցերին, մասնավորապես բեռնափոխադրումների իրականացման համար Ջուրջուլեշտ նավահանգստի հնարավորությունների օգտագործման և Քիշնև-Երևան-Քիշնև ավիաչվերթի իրականացման հեռանկարին:

Քննարկվել են նաև Մոլդովայի հայ համայնքին առնչվող հարցեր։ Նշվել է, որ հայ համայնքը տարբեր բնագավառներում իր ակտիվ մասնակցությունն է բերում Մոլդովայի զարգացման և պետականության ամրապնդման գործին՝ միաժամանակ պահպանելով ազգային ինքնությունը, ավանդույթները, լեզուն, ապրելով ազգային հոգևոր-մշակույթային կյանքով, լիարժեքորեն օգտվելով այն հնարավորություններից, որոնք ստեղծված են Մոլդովայում ազգային փոքրամասնությունների համար: