Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյան ամփոփել է մարզիկների ելութները Համաշխարհային ուսանողական խաղերում:

Խոսելով չեմպիոն դարձած Արթուր Թովմասյանի և խաղերին մասնակցած Արթուր Դավթյանի մասին, մարզիչն ասաց.

«Նախապատրաստական փուլը լավ անցավ: Մեդալի ակնկալիք ունեինք: Ինչ-որ տեղ՝ մեդալի ակնկալիք կար և՛ Արթուր Դավթյանից, և՛ Արթուր Թովմասյանից: Գոհ ենք, քանի որ եղավ ոսկե մեդալ: Եթե ունենք չեմպիոն՝ գոհ ենք ու ուրախ:

Արթուր Դավթյանը վատ չմասնակցեց, ուղակի նրա առաջ դրված խնդիրն ավելի մեծ էր: Բազմամարտում շատ լավ մասնակցեց և արդարացրեց: Ներկայացավ լավագույնս:  

Նայում ենք, թե ինչ շանսեր ունենք: Որոշեցինք Արթուր Դավթյանի փոխարեն՝  ելույթ ունենալու հնարավորություն տալ Արթուր Թովմասյանին: Արթուր Դավթյանի կատարումը երրորդ հորիզոնական կբերեր: Կասկած չունեի, որ Արթուր Դավթյանն ինքը կառաջարկի զիջել Թովմասյանին: Թովմասյանը կարող էր ոսկե մեդալ նվաճել: Թովմասյանը ցանկացած մրցմանը՝ ուժեղ հակառակորդ է բոլորի համար»:

Մարզիչն անդրադարձավ նաև թիմի դահլիճի անբարեկարգ վիճակին, նշեց, որ այն դեռ նույն վիճակում է, հավելելով, որ  նոր հնարք սովորելու համար  համապատասխան պայմաններ են պետք, հակառակ դեպքում՝ կարող են վնասվածքներ լինել.

«ԱրթուրԴավթյանը  նոր հնարք պետք է սովորի: Դրա համար պետք են պայմաններ: Ռիսկի չեմ կարող գնալ, որովհետև նոր հնարք սովորելիս բոլորն ընկնում են: Մեկ անգամ մի բան այն չլինի, լուրջ վնասվածք կարող է ստանալ»:

Հակոբ Սերոբյանը հավելեց, որ պատրաստվում են լրջագույն մրցաշարի՝  հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը, որին կմասնացեն Արթուր Դավթյանը,  Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը:

Մինչ այդ՝ թիմը Փարիզում կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկությանը: