Թուրք լրագրող, CNN Turk-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն թուրքական Bianet.org կայքում անդրադարձել է  1071թ. Մանազկերտի ճակատամարտին, որը համարվում է թուրքերի պաշտոնական և լայնածավալ մուտքը Փոքր Ասիա, սակայն այս անգամ ոչ պաշտոնական թուրքական պատմագրության տեսանկյունից: Թուրքական մամուլում հայտնված հոդվածը Մանազկերտի պատմությունն առաջին անգամ ներկայացնում է հայ պատմիչների հայացքով:


«Հայկական աղբյուրները շատ կարևոր դեր ունեն սելջուկյան պատմության ուսումնասիրության մեջ, դրա բուն պատճառը՝ սելջուկների արշավանքների՝ հայերի մայր հայրենիքով անցնելու փաստն է: Այդ մասին նաև խոսում է թուրք պատմաբան և պրոֆեսոր Իբրահիմ Թելլիօղլուն իր՝ «Անատոլիայի գրավումը հայկական աղբյուրների աչքերով» հոդվածում, որտեղ խոսոտվանում է, որ եթե չլինեին հայկական աղբյուրները՝ հնարավոր չէր լինի հասկանալ, թե ինչպես են սելջուկները Անատոլիան դարձրել իրենց հայրենիքը»,- գրում է Քորուջուն:

Նշվում է, որ թուրք պատմաբաններն առավել ուշադրության տակ են պահում սելջուկների կողմից Էրզրումի գրավումը, քանի որ այն համարվում է առաջին հայկական քաղաքը, որը հայտնվեց Անատոլիա եկած թուրքերի ձեռքում:


«Դա մեծ դժբախտություն էր հայ հասարակության համար», - նշում է թուրք լրագրողը և շարունակում. «Անիից հետո հաջորդ ոթիրախը Մանազկերտն էր: Սակայն ի տարբերություն շատերի՝ Մանազկերտի կորուստն այլևս անակնկալ չէր հայ պատմիչների համար, քանի որ Անիի ընկնելուց հետո դա արդեն զարմանալի չէր»: