ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հարցը, որը, կարելի է ասել, վերջին ամիսների ամենաքննարկված թեմաներից է, կարծես վերջնականապես գտել է իր պատասխանը. Հայաստանն աշնանը ստորագրելու է համապատասխան փաստաթուղթը: Այս մասին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով ճամբարականների հարցերին, հայտարարել է երկրի առաջին դեմքն` այդպիսով, ըստ էության, փակելով հարցը:

Այն, որ Արևմուտք-Հայաստան հարաբերությունների խորության հարցը միայն Արևմուտքի, կամ,առավել ևս, Հայաստանի միանձնյա որոշելիքը չէ, հայտնի է բոլորին. Ռուսաստանի ձայնը նմանատիպ հարցերում պակաս կարևոր դեր չի խաղում, ու մեծ ցանկության դեպքում Կրեմլը կարող էր կանխել ԵՄ-Հայաստան հարաբերություններում նկատվող դրական պրոցեսներն, ինչը, փաստորեն՝ չարվեց: Սոչիի հանդիպմանը Պուտինն, ըստ էության, համաձայնել է Երևանի «և-և»-ի քաղաքականությանն ու կանաչ լույս վառել Սարգսյանի առաջ:

Իհարկե, ոչ ոք հիմար չէ ու շատ լավ հասկանում է այն, որ մեծ քաղաքականության մեջ ոչինչ հենց այնպես չի արվում, ու «շնորհ» ասվածն այստեղ ի սկզբանե մերժված գաղափար է: Հետևաբար` անկասկած է, որ Երևանն այսպես թե այնպես՝ ինչ-որ կերպ ստիպված է լինելու վարձահատույց լինել Մոսկվայի բարի կամքի դիմաց, իսկ թե կոնկրետ ինչպես, կարող է ցույց տալ միայն ժամանակը: Ճիշտ է` հանուն արդարության՝ պետք է նշել նաև, որ Մոսկվայի համաձայնությունը կորզելը շատ առումներով պայմանավորված է Անդրկովկասում համաշխարհային ուժային կենտրոնների միջև ստեղծված որոշակի պարիտետային իրավիճակով նաև: Արևմուտքի համապատասխան ուղերձները Կրեմլին, որոնք առաջինը շարունակաբար հղում էր տարբեր ԵՄ պաշտոնյաների շուրթերով, տեղ են հասել. Կրեմլը, տարածաշրջանում մեծ ու անկանխատեսելի պայթյուն թույլ չտալու համար, ըստ էության, ստիպված է ուղղակի հանդուրժել այն միտքը, որ իր համար կարևոր այս տարածաշրջանից Արևմուտքը չի պատրաստվում հեռանալ` ցանկանալով իշխանություն կիսել նաև Հայաստանում, որն ավանդաբար համարվում է ՌԴ ազդեցության տակ գտնվող երկիր: Այսինքն` Արևմուտքը փաստացի պարտադրեց Մոսկվային՝ ընդունել «և-և»-ի կոնցեպտը` որպես կայունության առհավատչյա ու խնդիրներն առանց արյունահեղության լուծելու երաշխիք:

Սակայն գաղտնիք չէ, որ նմանատիպ հարցերում փոքր երկրները, որպես կանոն, հանդես են գալիս հիմնական տվողի դերում. այս դեպքում, ինչպես հասկանալի է, տվողը Հայաստանն է: Հետևաբար, հարց է ծագում` ինչպե՞ս կարող է Երևանը Մոսկվային ունեցած իր այս «պարտքը» փակել: Նախ՝ անկասկած է, որ «այո» ասելով Երևանին` Մոսկվան նախապես ստացել է հստակ երաշխիքներ առ այն, որ նույնիսկ ԵՄ հետ հարաբերություններում պաշտոնական Երևանը քայլ անգամ չի անի առանց ռուսական իշխանությունների համաձայնության: Այդ երաշխիքներից մեկն էլ, անկասկած, կարող է վերաբերել Հայաստանի ներքաղաքական կյանքին. Կրեմլին պրոցեսները վերահսկող վստահելի մեկն է պետք այստեղ, որի դերում, ինչպես հայտնի է, վերջին շրջանում հանդես է գալիս վարչապետ Կարապետյանը. հետևաբար` չի բացառվում, որ Սարգսյանը Պուտինին Սոչիում հստակ երաշխիքներ տված լինի առ այն, որ Կարապետյանն այսուհետ ևս շարունակելու է կարևոր դեր ունենալ երկրի ներքին կյանքում ու 2018-ից հետո նույնպես հանդիսանալ Հայաստանի կյանքում կարևոր գործառույթ ունեցող մեկը:

Ինչ վերաբերում է Արցախյան խնդրին, որը ևս, ինչպես հայտնի է, հաճախ է արծարծվում հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում, ապա այստեղ ևս Երևանն ակնհայտորեն տալու բան կարող էր ունենալ. հավանական է, որ Պուտինին հաջողվել է համաձայնություն կորզել Սարգսյանից առ այն, որ բոլոր դեպքերում՜ Երևանը պաշտպանելու է խաղաղության հենց ռուսական պլանը, որն իրենից ենթադրում է ռուսական ազդեցության խորացում Անդրկովկասում` հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման միջոցով: Ճիշտ է` Սարգսյանը հայտարարում է, որ ռուսական խաղաղապահ զորքերի վերաբերյալ որևիցե թեմա չի քննարկվել Սոչիի հանդիպանը, և ոչ ոք իրավունք չունի նախագահին չհավատալու, սակայն անկասկած է, որ բոլոր դեպքերում՜ ռուսական պլանի էությունը կայանում է հենց դրանում, ու եթե Հայստանը այսպես թե այնպես՜ համաձայնում է խաղաղության ռուսական պլանին, ապա անուղղակիորեն համաձայնում է նաև ռուս խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում:

Ինչ էլ լինի՝ անկասկած է, որ Երևանի ձգտումը` վարելու բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, չի կարող չողջունվել. Հայաստանի վիճակն այնպիսին է, որ ցանկացած հնարավորություն` զարգացնելու երկիրը, չի կարող անտեսվել. Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կարող է նոր ճանապարհ բացել մեր երկրի զարգացման  համար:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ