Հայաստանի մշակույթի ոլորտում տիրող` շատ դեպքերում անհույս վիճակը հիմնավորել փորձել են շատերը:

Բայց որքան էլ ոմանք ջանան ստեղծված իրավիճակը բացատրել միանգամայն օբյեկտիվ գործոններով և այլն,մեկ բան հստակ է` մշակույթը մեր երկրում ամենանվազ չափով ֆինանսավորվող ոլորտներից է:

Թե հատկապես ինչի հետ է դա պայմանավորված,իհարկե,կարելի է երկար խոսել, վարկածներ առաջ քաշել և այլն,բայց այն,որ փողն այստեղ երբեք ավել չի լինում, անվիճելի է:

Բանից պարզվում է` բավական ծանր վիճակում է հայտնվել հատկապես Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը. ֆինանսական ցուցանիշներն այստեղ ուղղակի աղետալի մակարդակի են իջել, ու հիմա թատրոնի ղեկավարությունն ուղիներ է փորձում փնտրել իրավիճակը շտկելու նպատակով: Նախարար Արմեն Ամիրյանը մի քանի թատրոնների ղեկավարների հետ խորհդրակցություն էր անցկացրել,ուր անդրադարձ էր եղել նաև վերոհիշյալ թատրոնի ֆինանսական ծանր վիճակին:

Այստեղ,սակայն, հետաքրքիրն այն էր,որ Ամիրյանը,փոխարենը կոնկրետ լուծումներ առաջարկելու կամ գոնե խոստանալու,որ կանի իրենից կախված ամեն բան` ֆինանսավորման անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար, շտապել էր հանդես գալ յուրատեսակ հաթաթայով,թե` «դուք հրաշալի թատրոն ունեք, հրաշալի կոլեկտիվ, բայց չեք կարողանում ճիշտ մատուցել ձեր աշխատանքի արդյունքը»:

Հիմա հարց է առաջանում` հատկապես ինչո՞ւմն են թերացել հազիվ հացի փող հասցնող դերասանական անձնակազմն ու թատրոնի ղեկավարությունը, կամ ի՞նչ է ասել «չեք կարողանում ճիշտ մատուցել ձեր աշխատանքի արդյունքը»: Տրամաբանական է,որ ռաբիսի, էժանագին պոպի այս դարում, երբ ամենավաճառվող տեսարանը սիլիկոնե հետույքն ու բոտեքս արած շուրթերն են, բարձր արվեստ մատուցողները պետք է այսպես թե այնպես կանգնեն դժվարությունների առաջ, ինչն, ի գիտություն նախարար Ամիրյանի, պայմանավորված է ոչ թե այս կամ այն կոլեկտիվի ապաշնորհությամբ, այլ օբյեկտիվ իրականությամբ:

Իսկ ասվածից հետևում է, որ իրավիճակը կարող է շտկվել միայն այն պարագայում,եթե թատրոններին պետությունն անձամբ ձեռք մեկնի, պատշաճորեն ֆինանսավորի ու այնպիսի պայմաններ ապահովի, որ բազմատաղանդ արտիստները ստիպված չլինեն իրենց հեղինակության հաշվին «լևի» գործերի շնորհիվ գոյատևել ու կարողանան պահել այն մակարդակը,որը հարիր է մշակութային օջախներին:

Այնինչ պետությունն, ի դեմս մշակույթի նախարարության, բացի այս կամ այն մշակութային օջախում «քյաբաբնոց» բացելու «փայլուն» մտքից դեռ որևիցե նոր գաղափար չի առաջ քաշել: Հիմա մարդ են ու չեն ուզում, որ իրենց թատրոնի շենքում ասենք «Զավենի մոտ» անվամբ խորովածանոց գործի, ի՞նչ է,պետք է կանգնեն փաստի առա՞ջ: Իսկ Մշակույթի նախարարությունն ինչի՞ համար է, միայն «դարակազմիկ» մտքեր արտահայտելո՞ւ…

Ինչ էլ լինի անկասկած է,որ հաթաթա տալով արդյունքի չես հասնի, խնդիրը ճիշտ տեղ փնտրելու փոխարեն սար ու ձոր ընկնելով` հեռուն չես գնա:

Հետևաբար` պետք է ոչ թե մեղադրել մարդկանց բավարար չափով «պրադվինուտի» չլինելու մեջ,այլ կոնկրետ քայլեր կատարել` թատրոնն այդ վիճակից դուրս բերելու համար:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ