Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի, քանի որ Սանկտ Պետերբուրգը և Երևանը քույր քաղաքներ են: Բացի այդ՝ բնակիչներն արդեն սովորել են այդ անվանը: Օրենսդրությունը ուսումնասիրելուց, հասարակության և գիտական կարծիքներ լսելուց հետո  փողոցների անվանակոչության հարցը վերջնական կքննարկվի: Օգոստոսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ընդամենը երկու օր առաջ է «Ելք» խմբակցությունը ներկայացրել փողոցների անվանափոխության վերաբերյալ իր առաջարկը: Պետք է լինի նաև հանրային կարծիք, հանրային քննարկում և մասնագետների հիմնավորում: Մենք պետք է ուսումնասիրենք նաև օրենսդրությունը՝ հասկանալու, թե որ փողոցները և երբ կարող ենք անվանակոչել: Դրանից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր կարծիքը կհայտնի»,-ասաց քաղաքապետը:

Նրա խոսքով՝  մենք չպետք է հրաժարվենք մեր պատմությունից: Սակայն նրանք՝ «Ելք»-ի անդամները կողմնակից են ազգային հերոսների անուններով փողոցներ անվանակոչելուն:

«Մենք համագործակցում ենք Սանկտ Պետերբուրգի հետ, քույր քաղաքներ ենք և չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցը անվանափոխել: Նաև այդ քաղաքի հետ կապված ընդհանուր պատմություն ունենք: Քանի որ Լենինգրադյան փողոցը տասնյակ տարիներ այդ անունով է կոչվել, բացի այդ բնակիչներն էլ արդեն սովորել են այդ անվանը, մենք նպատակահարմար չենք գտնում վերանվանել այդ փողոցը»,- ասաց Մարգարյանը: