Բոսնիա և Հերցեգովինան ցանկանում է տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծումը: Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը:

«Մենք այս հարցում սատարում ենք միջազգային ջանքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որն աշխատում է հակամարտության կարգավորման վրա և համարում ենք, որ բոլորը դրան պետք է օժանդակեն»,- նշեց Ցրնադակը:

Նա հույս հայտնեց, որ այդ երկարատև հակամարտության լուծումը կտեսնեն առաջին հերթին  ի շահ այնտեղ ապրող ժողովրդի: