Սեպտեմբերի 1-ն է: Ուսումնական տարվա մեկնարկը տրված է: Առավոտվանից բոլորն շտապում են դպրոց, ԲՈւՀ: Գիտելիքի օրվա սկզբից ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները տարատեսակ շնորհավորանքներով հրապարակումներ են կատարել:

 

Շատերն այս օրը գեղեցկացնում են իրենց՝ «պաթոսով» լի ելույթներով, սակայն չկտրվելով իրականությունից, մենք փորձենք ներկայացնել, թե որքան խայտառակ է ՀՀ կրթական համակարգը:

 

Նախ սկսենք նրանից, որ մեր կրթական օջախներից սկիզբ է դրվում ամենացավալին՝ կոռուպցիոն քաղցկեղը: Կոռուպցիան սկսվում է ծաղիկներից: Ծաղիկ նվիրելը կոռուպցիայի ծաղիկներն են, իսկ ֆիլմը սկսվում է հետո: Գուցե շատերի համար դա կոռուպցիա չէ, այլ պարզապես նվեր, բայց հարցին նայենք այլ կողմից:

 

Աշակերտների ծնողներից բոլորը չէ, որ կարող են ուսուցիչներին նվիրել ծաղիկներ: Իսկ ուսուցիչները աչք ու ականջ ունեն, տեսնում և լսում են, թե ով իրենց բերեց ծաղիկ, ով՝ ոսկե ապարանջան: Նրանք տեսնում են, որ 1-ին դասարանցի Գայանեի (անունները հորինված են) մայրը իրեն բերեց թանկարժեք նվեր, իսկ Սեդայի մայրիկը՝ ոչ: Գեղեցիկ «պրիչոսկայով» ուսուցչուհին վաղը արդեն դասասենյակում ցույց է տալու իր վերաբերմունքը թե՛ Գայանեի, թե՛ Սեդայի նկատմամբ:

 

Չմոռանանք, որ այսօրվա ուսուցիչներն ու տնօրենները, դեռ երեկ ՀՀԿ-ի համար ձայն հավաքողներ էին: Պարզ է չէ՞, որ նրանց ուշք ու միտքը իրենց տաքուկ անկյունն է, ոչ թե աշակերտների ուսումը:

 

Այս ամենը կատարվում է մատղաշ, նոր-նոր կյանք մտնող երեխաների աչքի առաջ, և նրանք սկսում են աշխարհայացք ձևավորել: Ամբողջ տարին այս ամենը կատարվում է: Ուսուցչի տոն, դասղեկի ծննդյան օր, Ամանոր, Մարտի 8, Ապրիլի 7, ծնողական ժողովներ և իհարկե՝ Վերջին զանգ:

 

Նկատենք, որ այսպես ասած «մաղարիչ» անելու սովորույթը մեր ազգային մենթալիտետի անքակտելի մասն է՝ «հայու գենն է»:

 

Այս ամենի մեջ մեծանալով, սոցիալական այս դառնությունները տեսնելով, աշակերտները հասնում են ԲՈւՀ: Նույնը կատարվում է ԲՈւՀ-երում: Արձանագրենք, որ բուհական խայտառակ համակարգը դպրոցականի ուղիղ շարունակությունն է…. Այս շղթան շարունակվում է այնքան, որ երբ ուսանողն ավարտում և հասնում է որևէ պաշտոնի, այլև չի մտածում աշխատել օրենքով: Արդեն երեկվա դպրոցականն ու ԲՈւՀ-ը մաղարիչով ավարտած ուսանողը, որ պաշտոն է ստանում, մտածում է՝ ինչպես փող աշխատել:

 

Բուհական համակարգի խայտառակությունն էլ կայանում է նրանում, որ բոլորը կարող են ստանալ բարձրագույն կրթություն: Ընդունելության քննությունների ժամանակ բացակայում է այն մրցակցությունը, որ կար գոնե սրանից 10 տարի առաջ: Հիմա 10-ից 9-ը կարող է ընդունվել ԲՈւՀ, միայն թե վճարի ուսման վարձը, իսկ՝ կկրթվի, թե չի կրթվի, կստանա մասնագիտություն, թե ոչ՝ ԲՈւՀ-ի պետքն էլ չէ:

 

Համալսարանները դարձել են օրինական դիպլոմ վաճառողներ: Դա է պատճառը, որ մեր ԲՈւՀ-երն ավարտած երիտասարդները չունեն ընդհանուր գիտելիքների տարրական բազա:

 

Իսկ պաշտոնյաները կեղծավորություն են անում. «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, դուք մեր երկրի ապագան եք»:

 

Հարգելի՛ աշակերտներ, ուսանողներ. նրանք ստում են: Նրանք ձեզ չեն դիտարկում որպես մեր երկրի ապագա, որովհետև նրանք խաթարել են կրթության համակարգը, իսկ ապագան իրենց զավակներինն է, որոնց ուղարկում են արտասահմանյան ԲՈւՀ-եր:

 

Այսօրվա լուսանկարներից նկատում ենք նաև ուսուցիչների, դասախոսների «չոլկաներն» ու «կաստյումչիկ-յուբկաները»: Կարծես գեղեցկության մրցույթի դուրս եկած լինեն:

 

Եվ այսպես, ամեն տարի, խաբելով մատղաշ սերնդին, գնում ենք առաջ: Սեպտեմբերի մեկն է՝ գիտելիքի օրը, սակայն չկա ոչ մի գիտելիք:

 

Արսեն Սանամյան