ՌԴ Պետդումայում հայտարարել են, որ եթե Հայաստանում ընթացք տրվի փողոցների անվանափոխման նախաձեռնությանը, Մոսկվան ստիպված կլինի պատասխան քայլերի մասին մտածել: Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ Ռուսաստանը չպետք է անտեսի նմանատիպ գործընթացները:

«Եթե դա տեղի ունենա, կամ եթե բանավեճերն այդ թեմայով շարունակվեն, Մոսկվան, անկասկած, կարձագանքի նման թշնամական գործողություններին»,-ասել է նա, հայտնում է «Իզվեստիան»:

Ըստ պատգամավորի, ընդդիմության գլխավոր նպատակն է բանավեճ սկսել՝ ուշադրություն գրավելու համար: Նա հավելել է, որ «խորհրդային փողոցների վերանվանման պահանջը Հայաստանում ուղեղում չի տեղավորվում: Երբ դա արվում է Մերձբալթիկայում կամ Ուկրաինայում, դեռ կարելի է հասկանալ: Առնվազն, մենք դրան արդեն սովոր ենք: Հայաստանն առավելագույնն է ստացել ԽՍՀՄ-ից, միշտ բարեկամաբար է տրամադրված եղել Մոսկվային»,-հիշեցրել է ռուս խորհրդարանականը: