Վրաստանի ՊՆ խոսնակը հայտարարել է, որ չնայած Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես համաձայնություն էր տվել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժության մասնակցությանը, այնուամենայնիվ, վերջին պահին հրաժարվել է: Հայաստանի ՊՆ խոսնակն, իր հերթին, չի ցանկացել մեկնաբանել Հայաստանի ՊՆ հրաժարվելը: Հայաստանը մասնակցել է Վրաստանում այս տարվա հուլիսի 30-ին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժությանը, ինչը Ռուսաստանի տարբեր շրջանակների դժգոհությունն էր հարուցել: Նման կարեւոր որոշումները անհետեւանք չեն մնում եւ արտահայտվում են երկրի թե՛ քաղաքական, թե՛ ռազմական իրավիճակի վրա: Այդ հետեւանքները ենթադրում են կոնկրետ պատասխանատվություն, այդ թվում՝ շփման գծում հնարավոր զարգացումների մասով: Այս լույսի ներքո ուշագրավ է դառնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի մեկ շաբաթվա վաղեմության հայտարարությունը, թե իրենք ուզում են համոզված լինել, որ Հայաստանն ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորություն ունի: Նույնիսկ չենք բացառում, որ հարգարժան դեսպանը դիվանագիտական խողովակներով տեղյակ է եղել Մոսկվայի ճնշումների մասին և իր հայտարարությամբ փորձել է հրապարակավ աջակցել Հայաստանի իշխանություններին: Վերջիններս, սակայն, չունեցան համապատասխան կամք և վճռականություն և, ինչպես չորս տարի առաջ, տրվեցին Մոսկվայի շանտաժին և ապառնալիքներին: Մոսկվան Հայաստանին ներքաշել է ավելի վտանգավոր ու գլոբալ խաղի մեջ, եթե հաշվի առնենք այն դրամատիկ իրադարձությունները, որոնք երեկ և այսօր տեղի են ունենում ռուս- ամերիկյան հարաբերություններում: Երրորդ անգամ Մոսկվայից թույլ չտվեցին, որ մեր զինվորները Վրաստանում մասնակցեն ՆԱՏՕ-ի զորավարժություններին` Սերժ Սարգսյանին հստակ մեսիջ հղելով:Սարգսյանը կարող էր բերել խորհրդարանի հակափաստարկը, բայց մեր ԱԺ-ի գործոնը հենց Մոսկվան կարող է դեմ տալ Սարգսյանին` նրան ցույց տալու համար, որ իր «արևմտամետ» զիգզագով չի համապատասխանում միատարր եվրասիական խորհրդարանի ճաշակին:
 
Առայժմ բոլորը հասկանում են, որ ճիշտ չէ Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսել, դրա անհրաժեշտությունը չկա, և բոլորը փորձում են այս կամ այն կերպ Հայաստանի վրա ազդել: Եվրամիությունը փորձում է ազդել հայկական հասարակական կազմակերպությունների միջոցով, աջակցում է դրանց զարգացմանը, Մոսկվան հիշեցնում է, թե որքանով է Հայաստանի անվտանգությունը կախված Ռուսաստանի հետ ընկերությունից և այլն։ Յուրաքանչյուր կողմը «վերմակը» ձգում է դեպի իրեն, և ոչ մի նորություն այստեղ չկա: Ռուսաստանը կարող է առաջնորդվել պարզ քմահաճույքով և ուղղակի Եվրամիությանը կամ ԱՄՆ-ին ցույց տալու համար, որ Հայաստանը հանդիսանում է ռուսական լիակատար ազդեցության գոտի, կարող է պարզապես այդ ցուցադրության համար պահանջել Հայաստանից չստորագրել նոր համաձայնագիրը: Իսկ այն, որ ռուսական քաղաքականության մեջ կամայականության, քմահաճույքի, այդ ցուցադրականության տարրը բավականին մեծ է, հաստատված է մի շարք նախադեպերով և հռետորաբանությամբ:
 
Ստելլա Խաչատրյան