Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին սեպտեմբերի 1-ին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։ Սերժ Սարգսյանի՝ նման հանդիսավոր մասնակցությունն այս՝ նախապես բացված ճանապարհի պաշտոնական բացմանն, իր մեջ ակնհայտ քաղաքական ենթատեքստ է պարունակում և կապված է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հետ: Ճանապարհը գտնվում է այն տարածքներում, որոնք Հոգլանդի վկայաբերած ու մեզ համար նորություն չպարունակող Մադրիդյան սկզբուքների համաձայն` պետք է վերադարձվեն Ադրբեջանին:
 
Հայաստանը պարզապես փորձում է դուրս գալ Մադրիդյան աքցանից այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում դրանից դուրս պրծնել՝ զիջումների պատրաստակամության փոխարեն ավելի ու ավելի կոշտացնելով իր դիրքորոշումը, մեծացնելով ախորժակը՝ ընդհուպ՝ Հայաստանի տարածքների նկատմամբ և հայ-ադրբեջանական շփման գծում բոլոր հնարավոր միջոցներով թեժացնելով իրավիճակը:
 
Երբ բանակցող կողմերից մեկը հայտարարում է, որ բանակցում է միմիայն ամեն ինչ միանգամից և ամբողջությամբ վերցնելու հարցի շուրջ, Մադրիդյան սկզբունքներն ընդունելի լինելու մասին պնդումները դառնում են կապիտուլյացիայի հավասարազոր, որովհետև դա նշանակում է բանակցել միակողմանի զիջումների պայմանների շուրջ: Հայաստանյան դիվանագիտությունը մինչ այսօր գործել է հենց այս տրամաբանությամբ: Հիմա արդեն մեզ առաջարկում են տարածքային զիջումներ՝ ընդամենը խաղաղության խոստման դիմաց, քանի որ իրենց նախկին պարտվողական, փոխզիջումային դիվանագիտությամբ Երևանը Բաքվին և միջազգային հանրությանը համոզեց, որ ցանկացած փուլում պատրաստ է զիջումների: Երևանը բոլորին սովորեցրեց իր կողմից միակողմանի զիջումների՝ շարունակ առաջնորդվելով պատերազմը հետաձգելու կամ կանխելու տրամաբանությամբ: Բայց հստակ մի օրինաչափությամբ, դիվանագիտության ու քաղաքագիտության տարրական չգրված օրենքների համաձայն, հենց այսպիսի քաղաքականությամբ Երևանն ամենաշատը իրեն մոտեցրեց պատերազմը: Այն, ինչ տեղի է ունենում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, ոչ այլ ինչ է, եթե ոչ պատերազմի փոքրիկ մոդելավորում: Այս պրոցեսը զուտ տեղեկատվական պատերազմից արդեն վերաճում է դիվերսիոն պատերազմի: Թե ինչ է հետևելու դրան, մնում է միայն եզրակացնել: Հայաստանը պարզապես այլընտրանք չունի, քանի որ, չնայած պատերազմը հրահրում է Ադրբեջանը, սակայն միջազգային հանրությունը, այդ թվում նաև իր ռազմավարական դաշնակիցը հանդիսացող Ռուսաստանը, Ադրբեջանին զսպելու բանալին կրկին տեսնում են հայկական կողմից նոր զիջումների պատրաստակամություն հայտնելու մեջ: Հայաստանն այս իմաստով հայտնվել է ցայտնոտի մեջ. որ ուղղությամբ գնում է՝ հանգում է կապիտուլյացիայի: Ռուսաստանը փորձում է ստիպել տարածքներ զիջել՝ Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելու, հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու և այդպիսով՝ Հարավային Կովկասում վերջնական տիրապետություն հաստատելու՝ իր տարածաշրջանային շահերից ելնելով: Դրա համար էլ՝ շարունակ, ցինիկաբար զինում է իր ռազմավարական դաշնակցի հակառակորդին, որպեսզի կործանարար պատերազմով Հայաստանին ահաբեկելու միջոցով նրան ստիպի կատարել այդ զիջումներն՝ առանց մեկ կրակոցի: Կարելի՞ է պնդել, որ կա կարգավորման նոր պլան: Ամենայն հավանականությամբ՝ մի քանի պլան կա: Դրանցից մեկը, այսպես կոչված, Լավրովի պլանն է, որը տարածքային զիջումներ է նախատեսում սահմանների բացման եւ ռազմական գործողություններ չսկսելու խոստման դիմաց: ԱՄՆ-ն առաջարկում է մեկ այլ պլան՝ ներկայիս սահմաններին հետաքննության մեխանիզմներ ներդնել, բացել սահմանները եւ բանակցություններ սկսել: Հայաստանն աջակցում է երկրորդ պլանին եւ մերժում Լավրովի պլանը, իսկ դա նշանակում է, որ եկել է Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու մասին պաշտոնապես հայտարարելու ժամանակը:
 
Ստելլա Խաչատրյան