Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների տարատեսակ հանդիպումներից ոչ մի լուրջ ակնկալիք պետք չէ ունենալ. «Ես չեմ կարծում, որ նման հանդիպումներով կարելի է փոխել Ղարաբաղյան կոնֆլիկտի իրադրությունը: Արդեն մի քանի տարի է, որ նման հանդիպումներ են լինում, սակայն կոնֆլիկտի դադարեցման կամ լուծման մասին խոսք չկա, փորձում են ուղղակի հանդարտեցնել լարվածությունը, ինչը ևս այդքան էլ չի հաջողվում: Սպասվող հանդիպումը ևս նման կերպ կլինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հարցին՝ քաղաքագետը նշեց, որ զորավարժություններին չմասնակցելու որոշման մեջ ռուսական գործոնն ունեցել է իր դերը. «Չեմ կիսում տեսակետը, թե ճնշում է գործադրվել, այդ որոշումն ընդունվել է Երևանում՝ ելնելով այն բանից՝ որն է մեզ այդ պահին ձեռնտու»:

Խոսելով Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին՝ քաղաքագետը նշեց, որ այս պահին բանակցություններն ընթանում են այն ֆորմատով, որ որքան հնարավոր է՝ նվազեցվեն ադրբեջանական կողմից ցանկացած ագրեսիայի դրևսորում. «Սակայն նշել, որ բանակցությունների այս փուլը մոտեցնում է խնդրի կարգավորում, չի կարելի ասել»: 

Հարցին՝ արդյոք բանակցային գործընթացի վրա դրական ազդեցություն կունենան երկու երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումը, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Հոգևոր առաջնորդները փորձում են իրադրությունը հանդարտեցնել, սակայն կոնֆլիկտը քաղաքական է և լուրջ փոփոխություններ չեն լինի»: