Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի Երևանի փողոցների անվանափոխման վերաբերյալ  բացասական որոշումը ողջունելի է:

Անդրադառնալով  «Ելք» խմբակցության անդամների կողմից առաջարկված փողոցների անվանակոչության նախագծին, սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գրականագետ Ազատ Եղիազարյանը:

«Չեմ հասկանում պատմության նկատմամբ նման վերաբերմունքը: Շատ հեշտ է դատավորի դեր խաղալ և սկսել բոլորին որակավորել` սա դրական մարդ  է եղել, իսկ սա բացասական է եղել: Պատմությունը նման վերաբերմունք չի ընդունում: Այո, խորհրդային տարիներին շատ դաժան դեպքեր են գրանցվել, որոնք ներկայումս մեծ ցավով ենք հիշում, սակայն պետք չէ մոռանալ, թե այդ տարիները նաև ինչ դրական հետք են թողել: Անկախ  արատներից և թերություններից՝ Հայաստանի մշակույթի զարգացման լավագույն շրջաններից մեկը խորհրդային տարիներն էին»,-ասաց Եղիազարյանը:

Գրականագետը խորհուրդ տվեց հարգանքով և սթափ նայել պատմությանը:

«Բոլշևիկները եկան և ասացին, որ ամբողջ նախախորհրդային շրջանը վատ է եղել, և պետք է հրաժարվել այդ ժառանգությունից: Հիմա որոշ մարդիկ ասում են, որ պետք է հրաժարվել բոլշևիկյան ժառանգությունից: Կարծում եմ, որ այսպիսի մոտեցումները մեզ չեն օգնում ոչ պատմությունը հասկանալու առումով, ոչ էլ ներկայումս կարևորագույն խնդիրներին մեր ուժերը կենտրոնացնելու առումով»,- նշեց Եղիազարյանը:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի խոսքով` այն ազգը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, դատապարտված է կործանման:

«Պատմությունը չի կարելի ջնջել: Ներկայումս Հռոմում տեղադրված է Գարիբալդիի արձանը, իսկ կողքը կանգնած է Ներոնի արձանը: Կա՞ ավելի սարսափելի մարդ, քան Ներոնը Հռոմի համար»,- ասաց Առաքելյանը:

Ազատ Եղիազարյանը նշեց, որ ինքը դեմ չէ, որ օրինակ` Արցախյան ազատամարտի հերոս  Լեոնիդ Ազգալդյանի անվամբ փողոց լինի, սակայն դա, ըստ նրա` չպետք է ուղեկցվի Անաստաս Միկոյանի կամ Սարգիս Կասյանի դեմ քարոզարշավով:

«Պետք է միշտ հիշել, որ պատմությունը մի գույնով չի լինում»,- ընդգծեց Եղիազարյանը:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը,  ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու համար,  ներկայացրել էր Երևանի մի շարք փողոցներ անվանափոխելու առաջարկներ: «Ելք»-ն առաջարկում էր Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անունով, Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով, Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան հերոսների փողոց, Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով, Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով: