Երբ լրագրողն Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցնում է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը որքա՞ն կգնահատի, վերջինս պատասխանում է` 6: Այսինքն՝ մարդն իր գործը գնահատում է առավելագույնից էլ առավել: Այս իրավիճակն արդեն մոտ է զավեշտի: Կարապետյանի բերած «մենեջերներն» աչքի չեն ընկել որևէ բարեփոխմամբ, կրեատիվ որևէ գաղափարով ու մեզ անհայտ են այն չափանիշները, որոնցով չափելի է, գնահատվում է նրանց աշխատանքը: Կոնկրետ առողջապահության համակարգը, մեղմ ասած, աղետալի վիճակում է` կոռուպցիոն ռիսկերի, սպասարկման, հասարակությանը մատչելի լինելու առումով, և մի փոքր տարօրինակ է հնչում Ալթունյանի ինքնագովեստը:

Առողջապահության ֆինանսավորումը Հայաստանում ավելի ցածր է մի շարք ԱՊՀ երկրների համարժեք հատկացումներից, թիկունքում թողնելով միայն Տաջիկստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը: Ակնհայտ է, որ մեր երկրում չի հաջողվել հասնել Կայուն զարգացման ծրագրով առողջապահության ոլորտի սահմանված նպատակային ցուցանիշներին: Հատկացված պետական միջոցները հիմնականում բավարարել են միայն բուժման ծախսերը հոգալուն. կանխարգելմանն ուղղված հատկացումները խիստ սակավ են: Մինչդեռ ապացուցված է, որ հանրային առողջապահական խթանման և կանխարգելման ծրագրերը պակաս ներդրումներ են պահանջում, բայց ավելի արդյունավետ են: Նախարարին այդպես էլ չհաջողվեց լուծել առողջապահական ապահովագրության հարցը: Երբ բյուջետային ֆինանսավորման շրջանակներում երկրում սկսեցին երևալ նաև «առողջապահության ապահովագրություն» ասվածի առաջին ծիլերը և պետական որոշ ծառայողներ սոցփաթեթի շրջանակներում կարողացան լուծել նաև իրենց բուժման ծախսերը, «ապահովագրական համակարգ» ասվածն ինչ-որ տեղ հայտնվեց ոմանց ուշադրության կենտրոնում: Թե ովքեր են եղել այն «երջանիկները», որոնց հաջողվել է ապահովագրական ընկերության վճարած գումարներով բուժվել, պարզ չէ, քանի որ այդ մարդկանց թիվը մինչ օրս խնամքով թաքցվում է թե՛ հասարկությունից, թե՛ լրատվամիջոցներից, ուստի հայտնի չէ, թե այն իրականում հաջողվա՞ծ քայլ էր, թե՞ ոչ:

Նախարարն իրեն գնահատականներ շռայլելուց հրաշալի տեղեկացված է, որ իր ղեկավարած գերատեսչության 2016 թվականի բյուջեն կազմել է 89 միլիարդ դրամ: Լսել է նաև, որ ընթացիկ տարում պետպատվերի շրջանակում արձանագրվել է հիվանդանոցային բուժօգնության ընդամենը 321.580 դեպք: Բայց, ասենք, չգրանցված դեղերի վաճառքի և դրա դեմ կիրառվող պատժամիջոցների մասին՝ կարծես թե այնքան էլ լավ չի հիշում: Համենայն դեպս, նախարարի այն հավաստիացումը, որ պատրաստել է օրենսդրական փաթեթ՝ չգրանցված դեղերի վաճառքը քրեականացնելու մասին, այդպես էլ մնաց գեղեցիկ ցանկությունների շարքում, քանի որ չգրանցողը ներկրողն է և քրեականացնելը կարող է մահակ դառնալ վաճառողների գլխին, սակայն Լևոն Ալթունյանը դրա մասին առանձնապես չի մտահոգվում: Կարևորը, որ ինքն իր կատարած աշխատանքից գոհ է, մինչդեռ եթե հանրության կարծիքը հարցնեին, թերևս նման շռնդալից ցուցանիշներ չարձանագրվեին, և Ալթունյանի տված գնահատականն էլ փոքր-ինչ օբյեկտիվ լիներ, օրինակ՝ 1 :

 

Ստելլա Խաչատրյան