Գյումրին այս տարի հերթական անգամ կնշի քաղաքի օրը: «Գյումրու օր» տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին: Արդեն իսկ ընտրված է միջոցառումների տարբերանշանը: Միջոցառումներն այս տարի կանցկացվեն «Իմ հին ու նոր Գյումրին» կարգախոսով: Թեև դեռ որոշակի ճշգրտումներ կան միջոցառումների անցկացման ժամանակացույցի հետ կապված, սակայն միջոցառումներն արդեն հստակ են՝ Ռետրո ավտոմեքենաների ցուցադրություն, շրջայց Ռուսթավելի փողոցով, Շիրազի անտիպ՝ «Հուշարձան հայրիկիս» գրքի շնորհանդեսը, «Պիոներների պալատ»-ի բացումը:

 

Ինչպես անցած տարիներին, այս տարի ևս միջոցառումների շրջանակներում կանցկացվեն Հացի ու Արհեստների փառատոններ: Այս մասին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը՝ հավելելով, որ տոնական միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում, կհնչեն ռոք երաժշտություն, պարային համերգներ, իսկ երեկոյան միջոցառումները կեզրափակվեն Գյումրու կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով ու հրավառությամբ: «Այս նպատակի համար նախատեսվել է 8 մլն դրամ, որը կներկայացվի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը»,- նշեց Ռուբեն Սանոյանը: