Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է Հայաստանում 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր ապահովել, որից միայն 830-850 մլն դոլարն այս տարի, պաշտոնական վիճակագրությունը միանգամայն այլ պատկեր է բացահայտել: Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր երկրներից ոչ միայն նոր ներդրումներ չեն արվել, այլ ընդհակառակը՝ շարունակվել է կապիտալի արտահոսքը։ Այդպես է վարվել ՌԴ-ն, որը 12.2 մլրդ դրամ է հանել Հայաստանից, նույնկերպ վարվել է Ֆրանսիան՝ տանելով 7.6 մլն դրամ, Լիբանանը՝ տանելով 12.6 մլրդ դրամ։ Մյուս կողմից՝ իրենց ներդրումները նվազեցրել են Միացյալ Թագավորությունները՝ 12.6 մլրդ դրամով, Արգենտինան՝ 1.4 մլրդ դրամով, հարեւան Իրանը՝ 24,6 մլն դրամով։ Միակ խոշոր ներդրումը, որ իրականացվել է այս ընթացքում, եղել է օֆշորային Ջերսի կղզուց, այն էլ՝ «հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության» ոլորտում (31.6 մլրդ դրամի չափով)։ Դա էլ, բնականաբար, իշխանության որեւէ ներկայացուցչի ձախ գումարներն են, որ պտտվել, ներդրումների տեսքով մտել են «հանքեր»։ Իսկ ահա տնտեսական գործունեության մյուս հիմնական ոլորտներում, օրինակ՝ բուսաբուծության եւ անասնապահության ոլորտում, խմիչքների արտադրության ոլորտում, էլեկտրականության մատակարարման ոլորտում, հեռահաղորդակցության ոլորտում եւ այլն, ներդրումները պակասել են, ընդ որում, պակասել են զգալիորեն։ Հայաստանը շարունակում է մնալ մեկուսացված վիճակում՝ շրջափակված երկու հարեւանի կողմից, բնակչությունը շարունակում է արտագաղթել, արդյունքում նվազում է նաեւ սպառողների քանակը, էլ չենք ասում տնտեսական դաշտում գործող ոչ տնտեսական օրենքների եւ հարկային տեռորի մասին։ Այնպես որ, հազիվ թե այս իրավիճակում օտարերկրյա գործարարները ցանկանան իրենց ֆինանսական միջոցները բերել Հայաստան, լավագույն դեպքում` Կարեն Կարապետյանն իր անձնական կապերն օգտագործելով՝ կփորձի հիմնականում Ռուսաստանի հայ գործարարներին համոզել ինչ-որ ներդրումային ծրագրեր անելու ուղղությամբ, բայց սա շատ կարճ կտեւի, եւ բերված գումարն էլ խոստացված չափի չի լինի:
 
Կարապետյանի համար ներդրումների բացասական ցուցանիշը կարող է լուրջ խնդիրներ ի հայտ բերել: Նա չի կարող դե ֆակտո վարչապետ դառնալ եւ ունենալ Հայաստանի նոր իշխանության ձեւավորման գործընթացում լուրջ հեռանկար եւ հավակնություն, եթե չլուծի այդ խնդրի ֆինանսական հենքի հարցը, ներդրումների, գնի հարցը: Այդ ամենը մի շարք թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով` փող արժե: Կարեն Կարապետյանը Ռուսաստանից թերեւս ոչ թե փողն է ուզում, այլ եղած փողի քաղաքական պաշտպանություն: Սակայն մամուլում վերջերս հայտնված հրապարակումների համաձայն, այդ պաշտպանությունը երաշխավորող Սամվել Կարապետյանը կարծես թե լվանում է ձեռքերն այս խաղում: Դա կանխատեսելն այնքան էլ բարդ չէր, քանի որ պրոցեսին պետք է տրվի մաքսիմալ բնական տեսք, երբ Կարեն Կարապետյանը չի կարողանա ներգրավել օտարերկրյա ներդրումներ, երբ Կարեն Կարապետյանի վարկանիշը կիջնի, երբ ՀՀ–ի սոցիալ–տնտեսական ցուցանիշները անմխիթար կլինեն, հենց այդ ժամանակ ՀՀԿ–ի սատելիտները կհայտարարեն, որ երկիրն այս վիճակից Սերժ Սարգսյանը կարող է դուրս բերել:
 
 
Ստելլա Խաչատրյան