Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն այսօր կքննարկեն Արցախյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը, խոսելով հոգևոր այրերի հանդիպման հնարավոր հետևանքների մասին, ասաց, որ ինքն իմաստ չի տեսնում այս հանդիպման մեջ. «Այս հանդիպումը ոչինչ էլ չի տա: 25 տարի է արդյունք կա՞: Ձգում են, ձգում են՝ իրենց հարմար պահի խփում են մեզ: Ադրբեջանի հետ կարելի է խոսել միայն տոտալ պայքարով: Կամ Ադրբեջանը չպետք է լինի, կամ՝ մենք: Ինձ համար անհասկանալի է կաթողիկոսների հանդիպումը: Երկրում աղանդները վխտում են, ինքը Փաշազադեի հետ է հանդիպում: Չեմ ասում՝ բանակցություններ չանեն, բայց միանշանակ համոզված եմ՝ այն արդյունք չի տալու»,- ասաց նա: 

Քաղաքագետի կարծիքով՝ Արցախյան հարցը լուծում կստանա միայն այն ժամանակ, երբ մենք ադրբեջանական բանակը ջախջախենք: 

«Ես կուզենայի, որ Հայոց Կաթողիկոսը զբաղվեր երկրի հոգևոր և բարոյական վերաշինությամբ, ոչ թե Փաշազադե խաղացնելով»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ բանակցություններ անելով, նրանց գործողությունները լեգիտիմացվում է. նրանք կարող են հա՛մ հարձակվել, հա՛մ մորթել, հա՛մ խոսել:

«Պատրաստվենք պատերազմի, կունենանք խաղաղություն»,- խոսքը եզրափակեց քաղաքագետը: 

 

Սոնա Հարությունյան