Քաղաքական կուսակցություններն ու դաշինքներն այդպես էլ, որպես այդպիսին, աչքի չընկան նոր նստաշրջանին ընդառաջ ակներև գործունեությամբ, բացառությամբ՝ մեկ-երկու իրադարձությունների, որոնց հիմա կանդրադառնանք։

Սկսենք համաժողովրդական «համակրանք» վայելող  իշխանական ուժից, որը, թերևս, ամենաակտիվն էր այս շրջանում։ Արդարության համար պետք է նշել, որ այդ ակտիվությունը գալիս էր իրենց իսկ պարտականությունների, գոնե մասամբ,  կատարման անհրաժեշտությունից, ինչը ՀՀԿ-ն աննախադեպ կերպով  փորձեց անել։ Իսկ գաղափարաքաղաքական առումով՝ թերևս հատկանշական էր այն, որ Սամվել Ֆարմանյանը բոլոր ոլորտների բացթողումները կապեց ժողովրդագրական միտումների ճգնաժամային վիճակի հետ։ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության  դրսևորում էր ՀՅԴ-ի կողմից համահայկական խորհրդի կազմակերպչական աշխատանքների  ստանձնումը, քանի որ այսկերպ՝  նրանք կկարողանան սփյուռքում բարձրացնել Սերժ Սարգսյանի և նրա կուսակցության համբավը։ 

Իսկ ի՞նչ էր կատարվում ընդդիմադիր բևեռում։

Նախ՝ սկսենք նրանից, որ ընտրություններից մեկ ամիս անց՝ խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ  ԵԼՔ դաշինքում ներքին պառակտումներ են սկսվել, սակայն  ԵԼՔ-ի պատգամավորներն ամեն կերպ բացառեցին այդ տեղեկատվությունը։ Չենք կարող հավատալ խոսքերին և ցույց տալ, որ ոչինչ չենք տեսնում. ակնհայտ է, որ կանխատեսվելիք համախմբվածությունը ԵԼՔ-ում բացակայում է, քանի որ ղեկավարների համատեղ հայտարարություններ կամ ընդլայնված նիստեր ու բազմաբովանդակ քննարկումներ չեն եղել։ Փոխարենը նկատելի էր «Լուսավոր Հայաստան»-ի տարօրինակ ակտիվությունը, ինչը հուշում է, որ Էդմոն Մարուքյանը ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը ներսում, միգուցե նրա թիմը լավագույնն է դաշինքում, բայց այդ իշխանատենչությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Փոխարենը՝ ԵԼՔ դաշինքն աչքի ընկավ Երևանի ավագանու նիստերում։ Ելք փնտրողներն ամեն անգամ  ավագանու նիստերին բարձրացրին փողոցների անվանափոխման խնդիրը՝ համարելով այն ամենահրատապը։ Իսկ ի՞նչն էին համարում ամենահրատապը «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները՝ պատասխան չկա։ Օգտագործեցի՞ն մեր ընդդիմադիրներն այս ժամանակը միասնական ընդդիմադիր բեևեռ ստեղծելու համար, փորձեցի՞ն գոնե քայլեր անել այս ուղղությամբ, ինչպես տեսանք՝  ո՛չ, մի՞թե եսասիրությունն ու սկբունքայնությունը հաղթահարել են բոլոր արգելքներն ու միևնույն շահի համար համախմբված ընդամենը 2 քաղաքական ուժ չեն կարողանում համագործակցության որեւէ եզր գտնել, ինչի կարիքը հիմա ամենաշատն է զգում մեր ժողովուրդը։ Այս ամբողջ ընթացքում նման լռությունը ցույց է տալիս, որ նոր նստաշրջանում ևս մենք չենք տեսնի իրական հակակշիռ, ինչը նշանակում է, որ առկա է արտախորհրդարանական ընդդիմադիր բեևեռի ձևավորման հրամայականը։

 Վաչիկ Գրիգորյան