ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության  պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպմանը քննարկվել են  Հայաստան-ԵՄ  համագործակցությանը,  Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը  նկատել է, որ ավանդական դարձած հանդիպումները թույլ են տալիս մտքեր փոխանակել  գործակցության օրակարգի վերաբերյալ, բաց ու անկեղծ  խոսել  ծրագրերի ու անելիքների մասին: «Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս իր բոլոր կառույցների, եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերներից մեկը», - ընդգծել է վարչապետը:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին,  անդրադառնալով գործակցության ներկա փուլին, նշել է, որ  նախապատրաստվում են շատ լուրջ իրադարձության՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, որը համագործակցության նոր էջ է լինելու: Նա հավաստիացրել է, որ իրենց կողմից արվելու է ամեն ինչ, որպեսզի գործակցության բոլոր ուղղությունները նոր որակ ստանան: Ըստ դեսպանի՝ Միասնական աջակցության շրջանակային փաստաթուղթը շատ խոսոտումնալից է և նոր տարրեր է ներառելու: «Մենք մեծապես աջակցում ենք բարեփոխումների ձեր օրակարգին: Արտաքին փորձագետների միջոցով  մանրամասն վերլուծել ենք ձեր բարեփոխումների  ծրագիրը: Դա հավակնոտ ծրագիր է, հիմա մենք մտածում ենք, թե ինչպես  Հայաստանում մեր գործողություններն ավելի հարմարեցնենք  բարեփոխումների ձեր օրակարգին: Մենք ցանկանում ենք գումարներ ներդնել այնտեղ, որտեղ գտնում եք, որ բարեփոխումներն արդյունավետ կլինեն», - նշել է դեսպանը:

Վարչապետն իր հերթին նկատել է, որ ԵՄ-ի կողմից համագործակցությունն ու աջակցությունը  բարեփոխումների ծրագրին՝ հետևողական ու հաստատակամ լինելու լրացուցիչ լիցք է հաղորդում:  «Գնահատելի  է,  որ  ձեր փորձագետները վերլուծել են  կառավարության  ծրագիրը և համակարծիք են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք  գիտենք, պատկերացնում ենք՝ ինչպես պետք է մեր երկիրը փոխենք ու գիտենք  նաև մեր խնդիրներն ու թերությունները», - ընդգծել է վարչապետը:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի և  Միասնական աջակցության շրջանակի վերաբերյալ աշխատանքները բնականոն հունով են ընթանում, և իրենց պատկերացումներն ու մոտեցումները համընկնում են:

Երկուստեք կարևորվել է ԵՄ աջակցությունից օգտվելու համար արդյունավետ ծրագրերի ընտրությունը, ինչպես նաև իրականացվելիք ծրագրերի թափանցիկությունն ու թիրախային բնույթը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ավիացիոն ոլորտի համաձայնագրի հետ կապված հարցերին, մտքեր փոխանակել  ԵՄ-ում ներկայիս  քաղաքական գործընթացների շուրջ։