Երկու օր է՝ մամուլում ակտիվորեն շրջանառվում է այն տեղեկությունը, որ կառավարության կուլիսներում որոշում է կայացվել ատոմակայանը 5 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման պայմանագրով «Տաշիր» ընկերությանը հանձնելու մասին: Թե ինչ փուլում են բանակցությունները, հաջողվել է համաձայնության գալ, թե ոչ՝ հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ Հայաստանն ունի նման մտադրություն և հիմա ակտիվորեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Այս տարի հուլիսին կառավարությունը հաստատեց էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը: Իր հերթին՝ տվյալ ոլորտում ազատականացման քաղաքականության իրականացումը ենթադրում է, որ մեկ տնտեսվարողը իրավունք չունի արտադրելու, փոխանցելու և բաշխելու էլեկտրաէներգիան: Ստացվում է, որ մեկ ընկերությունը իր ձեռքերում է կենտրոնացնում երեք գործառույթները: Եթե կառավարության որոշումը՝ ատոմակայանը հանձնել «Տաշիր Գրուպ»-ին իրականություն է, ապա ազատականացման մոդելը խախտվում է:

Եվ դա զարմանալի էլ չէ: վարչապետ Կարեն Կարապետյանը՝ «Գազպրոմ»-ի նախկին թոփ-մենեջերը եւ Սամվել Կարապետյանի՝ «Տաշիր» խմբի եւ ՀԷՑ-ի սեփականատիրոջ պրոտեժեն, հազիվ թե շահագրգռված լինի Հայաստանի էներգետիկ շուկայի իրական ազատականացմամբ եւ ռուսական ընկերություններից ու Տաշիրի մենաշնորհից կախվածության թուլացմամբ:Ազատականացումը լավ հնարավորություն է թե՛ կառավարության համար, թե՛ Սամվել Կարապետյանի: Մի կողմից՝ թոզ կփչեն Արևմուտքի աչքերին, որ շուկան ազատական է, չկա ռուսական կապիտալի և ռուսական ներկայության մոնոպոլիա, մյուս կողմից՝ արհեստական խոչընդոտներ կստեղծեն. ինչ-ինչ, բայց դրա մեթոդաբանությանը քաջ տիրապետում են…

 

Ստելլա Խաչատրյան