Սեպտեմբերի 13-ին լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման մեկ տարին: Կառավարության ղեկավարն այս օրերին խոստանում է իր կազմով (նախարարություններ, առընթեր մարմիններ) հաշվետվություն ներկայացնել մեկամյա գործունեության վերաբերյալ: Սակայն մինչ այդ արդեն իսկ կարելի է որոշակի գնահատական տալ Կարեն Կարապետյանի կառավարության մեկամյա գործունեությանը:
 
2017թ-ի վերջին ՀՀ տնտեսությունը կարձանագրի նվազագույնը 3.2% աճ: Պետբյուջեի հիմքում դրված այս ցուցանիշն այսօրվա կառավարությունը խոստանում է անգամ գերազանցել: Իշխող քաղաքական ուժը խոստանում է 2018-2020 թթ-ին տնտեսական աճը հասցնել 5,3%-ի՝ չբացահայտելով գաղտնիքը, թե ով է լինելու այդ տարիներին ՀՀ վարչապետն ու, հետևաբար, նաև տնտեսական աճի պատասխանատուն: Կարեն Կարապետյանը ստանձնելով վարչապետի պաշտոնը խոստացավ, որ Հայաստանը կհեղեղվի օտարերկրյա ներդրումներով, խորհրդարանական ընտրություններից առաջ «Ներդրողների ակումբ» ստեղծեց, բայց անցած մեկ տարվա ընթացքում որևէ լուրջ ներդրում Հայաստանում չի իրականացվել: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանից շարունակում է կապիտալի արտահոսքը, ինչը նշանակում է, որ Հայաստանը տնտեսապես գրավիչ չէ նույնիսկ այստեղ փող աշխատողների համար: Կարեն Կարապետյանի մեկ այլ խոստում վերաբերվում էր տնտեսությունը խեղդող մոնոպոլիաների վերացմանը: Չնայած քարոզչական մանիպուլյացիաներին, հիմա արդեն պարզ է, որ ոչ մի մենաշնորհ չի վերացվել, և Հայաստանի տնտեսության կենտրոնացման գործընթացը շարունակվում է. ալյուրի, շաքարավազի, բենզինի ու բանանի, մետաղի ու փայտանյութի, ձեթի ու լվացքի փոշու ու ընդհանրապես՝ բոլոր քիչ թե շատ սպառում ունեցող ապրանքները ներմուծվում են մեզ քաջ հայտնի օլիգարխների կողմից, որոնց ողնաշարը վարչապետը այդպես էլ չկարողացավ կոտրել՝ ուժերը չպատեցին: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական քարոզչության շրջանում հայտարարեց, որ պատրաստվում է էժանացնել հիպոթեքային վարկերը երիտասարդների համար: Այդ ծրագիը այդպես էլ իրականություն չդարձավ կառավարությունում ամենա թրենդային պատճառաբանությամբ՝ փող չկա: Մեկամյա վարչապետի մյուս բացթողումն էլ այն էր, որ նա այդպես էլ չքաղաքականացվեց: Սա ձախողում էր առաջին հերթին հենց իր համար: Հնարավոր է նաև, որ նրան մոտ չթողեցին, ինչի արդյունքում Կարեն Կարապետյանը մնաց միայնակ խաղացող:
 
Ընդունենք, որ Կարեն Կարապետյանը ոչ թե ուղղակի ազնիվ էր իր մղումներում ու հայտարարություններում ու ծրագրերում, այլ ազնիվ է աննախադեպորեն ու կատարելապես ու ազնիվ էր այնքան, որ իր նպատակների իրագործմանն ի սպաս էր դնելու իր ու ոչ միայն՝ իր ամենայնը։ Ընդունենք, դրան հավատում ենք։ Բայց եթե դա ընդունում ենք, ապա պարտավոր ենք ի սկզբանե ընդունել, որ եթե Կարեն Կարապետյանն իսկապես ցանկանում էր անել այն, ինչի մասին խոսում էր, ապա նշանակում է՝ նա պետք է արմատապես ջախջախեր Հայաստանի իշխանության հիմքերն ու պատվանդանները, արմատախիլ աներ սյուներն ու ջարդուփշուր աներ իշխանության հենարանը շաղախած արատները։ «Յառի կառավարիչների» ողնաշարը ամուր է, այն ջարդելու համար անհրաժեշտ էր ջարդել համակարգի ողնաշարը, ինչը նրա մոտ մեղմ ասած չհաջողվեց: Կարեն Կարապետյանի «փոփոխությունը» որքան հանրության հույսերի, նրանից սպասելիքների մեծ կորուստ է նշանակում, այնքան էլ նրա հետագա վարկանիշի վրա մեծ բիծ է լինելու: Ասել է` եթե անցումային շրջանի համար նա ստանձնեց այս պաշտոնը և տվեց մեծ-մեծ խոստումներ, որ գործող իշխանությունը նորից վերարտադրվի, ի՞նչ է կարծում` մարդիկ նրա հետ ապագայում երբևէ հույսեր կկապե՞ն...
 
 
Ստելլա Խաչատրյան