Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը:
 
Ի՞նչ քաղաքական ազդեցություն կարող է ունենալ ԵԼՔ-ի այս նախաձեռնությունը: Արդյո՞ք այն կծառայի իր նպատակին, թե՞ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն այս անգամ ևս կկարողանան հոյակապ պարտիա խաղարկել և խաղն ավարտել իրենց ձեռնտու հաշվով: Ակնհայտ է, որ ԵՏՄ-ից դուրս գալու՝ ընդդիմադիրների այս նախաձեռնությունը պարզապես դատապարտված է անհաջողության: Որքան էլ որ ակնհայտ լինի փաստը, որ տվյալ կառույցում Հայաստանն առնվազն Գիքորի դերում է և մինչ օրս որևէ նշանակալի տնտեսական ու քաղաքական դիվիդենտներ ձեռք չի բերել, հանրապետականները ԱԺ են գալու ապացուցային հսկայական բազայով, հնարավոր և անհնարին թվերով ու փաստերով՝ ցույց տալու թե ինչպիսի թռիչքաձև աճ է գրանցել Հայաստանի տնտեսությունը՝ ընտրելով եվրասիական ուղղությունը: Դրան հակադրելու բան՝ ԵԼՔ-ը դժվար թե ունենա, արդյունքում՝ հետաքրքիր պատկեր ենք ունենալու: Խոսվելու է ոչ թե այն մասին, որ հայ հանրության մի ստվար զանգված դեմ է ռուսական կայսերապաշտական քաղաքականությանը, և ԵԼՔ-ն էլ, արտահայտելով այդ կրիտիկական զանգվածի ցանկությունը, երկրի խորհրդարան տարավ սույն նախաձեռնությունը, այլ շեշտվելու է փաստը, որ ՀՀԿ-ն կարողացավ շռնդալից կերպով պարտության մատնել եվրասիական միության հակառակորդներին: Ակնհայտ է, որ ԵԼՔ-ի ուզածը դա չէ, սակայն այս նախաձեռնությամբ՝ նրանք կամա թե ակամա՝ ջուր են լցնելու ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի ջրաղացին, վերջինիս հնարավորություն տալով Մոսկվային ապացուցել իր լոյալությունը և անփոխարինելությունը: Կա տեսակետ, որ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը ԵԼՔ-ի նախաձեռնությամբ ինչ-որ հարցեր կլուծի Մոսկվայի հետ, ինչպես լուծեց, օրինակ, «Էլեկտրիկ Երեւան»-ի դեպքում:
 
Նոյեմբերին ակնկալվում է ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, թեև Մոսկվան խանդով է հետևում այս գործընթացին , այնուամենայնիվ Կրեմլի հմար ռիսկերը նվազագույն են, քանի դեռ Հայաստանի ղեկին ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանն է: ԵԼՔ-ը իր հերթին փորձում է ստանալ առավելագույնը այս իրավիճակում: ԵՄ հետ ասոցիացման համաձայնագիր կնքելուց շաբաթներ առաջ այս հարցը խորհրդարան մտցնելով` ԵԼՔ-ը նպատակ ունի շահել Արևմուտքի համակրանքը և դրա դիմաց բազում «վիտամիններ» պահանջել նրանցից: Առավելագույնը, ինչն ԵԼՔ-ն այսօր ընդունակ է իրագործել, փողոցների անուններ փոխելն է, մարիխուանան օրինականացնելու մասին առաջարկ հնչեցնելը, այրվող անտառների մասին ասուլիսներ տալը և նմանօրինակ մանր-մունր հարցերն են: Անշուշտ ԵՄ հետ հարաբերությունները կզարգանան անգամ առանց ԵԼՔ-ի հորդոր-պահանջների, դա օբյեկտիվ իրականության պահանջն է, սակայն այս հարաբերությունների համատեքստում իշխող քաղաքական ուժի կողմից չի արվի այնպիսի քայլ, որը կհակասաի Մոսկվայի շահերին: ԵԼՔ-ի նախաձեռնությունը ավելի քան ձեռնտու է Սերժ Սարգսյանին, դրանով նա ցույց է տալիս, որ եթե 2018-ին ընադառաջ նա չստանա Ռուսաստանի քաղաքական և բարոյական աջակցությունը, ապա որևէ երաշխիք չկա, որ Հայաստանը 360 աստիճանով կփոխի իր արտաքին քաղաքական կողմնորոշումը:Նախադրյալները, ինչպես ասում են՝ առկա են: Նախագահը ակնհայտորեն հասկացնում է Մոսկվային, որ Արմեքզիթը ունակ է կանխել միայն ինքը, հետևաբար Ռուսաստանին այլ բան չի մնում քան սատարել Սերժ Սարգսյանի գծված խաղի սցենարին, եթե իհարկե չեն ուզում կորցնել Հարավային Կովկասում վերջին ֆորպոստը՝ ի դեմս Հայաստանի :
 
 
Ստելլա Խաչատրյան