Այսօր` սեպտեմբերի 10-ին ոստիկանության Չարենցավանի և Հրազդանի բաժինների ծառայողներն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներով վաղ առավոտվանից որոնողական աշխատանքներ են սկսել Սոլակ գյուղից մինչև Չարենցավանի վարչական տարածքում գտնվեղ Գյումուշի ջրամբարում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Սոլակ գյուղի բնակիչ, 27-ամյա Անժելա Մ-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Հարազատները ոստիկաններին տեղեկացրել են, որ աղջիկը, ով ունի առողջական խնդիրներ, հաճախակի է հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու: Հրազդանի ոստիկանները մոտ 7-8 կիլոմետր որոնողական աշխատանքներ են կատարել, որոնց հետո միացել են աղջկա հարազատները և արդեն Գյումուշի ջրամբարում` ափին, հայտնաբերել են աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը:

Արդեն 4 ժամից ավելի է՝ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրասուզակների ջոկատը` հրամանատար Արթուր Ճզմաչյանի գլխավորությամբ Գյումուշի ջրամբարում ջրասուզակ-փրկարարների հետ սկսել են որոնողական աշխատանքները:

Ջրասուզակ- փրկարար Արթուր Խաչատրյանը մեծ դժվարությամբ է սուզվում, քանի որ անզեն աչքով երևում է, որ ջրամբարը լցված է կենցաղային և շինարարական աղբով:

Որոնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են: