Մարտի 5-ին Ազատության հրապարակում հերթական հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր գործիչները ՀՀ քաղաքացիներին հորդորեցին պատրաստ լինել տևական պայքարի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ շարունակում է մարզային այցելությունների շարքը:

«Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանից ԳԱԼԱ-ն հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է ձևավորված նոր շարժման և Րաֆֆի Հովհաննիսյանի նախագծած պայքարի մասին: Մասնավորապես՝ որքանո՞վ է տրամաբանական նորից շարունակել մարզային այցելությունները: Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է դարձյալ լինել այն բնակավայրերում, ուր արդեն եղել է մի քանի օր առաջ, այդ թվում հետընտրական Գյումրի, Արթիկ, Սպիտակ, Աբովյան և այլն…

Հ. Բագրատյանը ասաց, որ ինքը ընդհանրապես չի ցանկանում որևէ գնահատական հնչեցնել…

«Նորմալ եմ վերաբերվում, ի՞նչ ասեմ, ոչ լավն եմ ուզում խոսել, ոչ՝ վատը: Պայքար է՝ ընթանում է, էսքան բան կարող եմ ասել: Շատ դժվար է գնահատելը, քանի որ ես մի տեղ լավ կամ վատ բան ասեմ, կլինի, որ «խառնակչությամբ» կզբաղվեմ, ես չգիտեմ. դժվար է, շատ դժվար է խոսել: Ժամանակը ցույց կտա:

Եթե ես հիմա մի ուրիշ բան ասեմ կամ վիրավորեմ, կթվա՝ ես խանգարում եմ կամ համը հանում եմ, մեկին էլ կարող է թվալ՝ ես քծնում եմ: Ես բավականին նրբանկատ վիճակում եմ, հասկանու՞մ եք՝ գնահատական չունեմ: Եթե վաղօրոք գնահատական տամ, ճիշտ չի լինի»:

Մեր այն հարցին, թե ինչ զարգացում է կանխատեսելի համարվում, Հ. Բագրատյանն ասաց. «Ինչ ասեմ. կարան հաղթեն, կարան՝ պարտվեն, կարա՝ ոչ մի բան էլ չլինի…»: