Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Հայաստանում մտահոգիչ է համարում ժողովրդագրական խնդիրները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ դեմոգրաֆիական խնդիրների միտումները հանգեցնում են արտագաղթի հետ կապված խնդրին: «Արտագաղթը ժողովրդագրական խնդիրներին առնչվող առաջնային գործոն է, սակայն  միակը չէ»,- նշեց պատգամավորը:

Նա նախատեսում է երկրում դեմոգրաֆիական խնդիրների քննարկման համար  աշխատանքային ձևաչափով   հանձնաժողովի ստեղծում, որը  կարող է  ներառել շահագրգիռ պատգամավորներ, փորձագետներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային ոլորտի ներկայացուցիչներ: «Փորձելու ենք համադրել բոլոր հնարավոր ռեսուրսները, մասնագիտական ռեսուրսները,   որպեսզի քննարկելու ճանապարհով գնահատենք իրավիճակը, միտումները»,- ասաց նա:

Ֆարմանյանն արձանագրեց, որ ցանկացած երկրի պարագայում կարևոր է բնակչության թվաքանակը, իսկ ՀՀ-ի պարագայում սա առանցքային խնդիրներից է: Նա կարծում է, որ խնդիրը ՀՀ պետականության առումով շատ ավելի կարևոր է, քան այսօրվա, վաղվա կամ մյուս օրվա իշխանությունը, քանի որ ժողովրդագրությունը երկարաժամկետ խնդիր է:

«Եթե մենք այսօր՝ որպես պետականություն այս խնդիրներին լուրջ մոտեցում չցուցաբերենք, ինչպիսին էլ լինի այսօրվա, վաղվա իշխանությունների քայլերը, եթե մի գծով չեն գնում, ապա չենք կարող մեզ համար ցանկալի արդյունքների հանգել: Իմ կարծիքով՝ ժողովրդագրական խնդիրների կարգավորումը  շատ էական  փորձաքար է մեր պետականության  համար»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հիմա արդեն ուշ չէ՞ դեմոգրաֆիական խնդիրների մասին  մտածելու ու կարևորելու համար, Ֆարմանյանը պատասխանեց, որ  պետականության շահի տեսանկյունից  խնդիրներ լուծելու համար երբեք ուշ չէ: