Այս գիշեր՝ նախնական տվյալներով՝ 00։10 րոպեին, կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասում։ Անհայտ անձը կամ անձինք կրակահերթ են բացել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» Ա 001 ՕԽ 93 ՌԴ պետհամարանիշով ավտոմեքենայի ուղղությամբ, որի արդյունքում ավտոմեքենայի վարորդը՝ ծնված 1981թ., և ուղևորը՝ ծնված 1973թ., ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել են:

Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Դեպքի վայրի զննության ժամանակ նշված ավտոմեքենայի հարակից տարածքից հայտաբերվել են 23 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, իսկ ավտոմեքենայի սրահի զննությամբ՝ վարորդի կողքի նստատեղի ներքևի հատվածից հայտաբերվել է «Սայգա-ՄԿ 7.67-39մմ» գրառմամբ և Ն-07132847 համարի ինքնաձիգ և ինքնաձիգի 2 պահունակ, որոնց մեջ առկա են ընդհանուր 15 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ:

Դեպքի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»։