Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու պարգևատրումը շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, հարցին՝ ինչո՞ւ է երկրի նախագահը պարգևատրում մեկին, ով իր գործողություններով դարձել է մարդու մահվան պատճառ, ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց. «Եթե ինչ-որ մեկը պետք է դիպլոմ ստանա, բայց կատարել է ինչ-որ հանցանք, ուրեմն պետք է կասեցնե՞ն դիպլոմ ստանալու ընթացքը: Թող քննություն կատարվի, ինքն իր արժանի պատիժն ստանա իր կատարած արարքի մասով»:

Դիտարկմանն՝ արդյո՞ք երկրի ղեկավարից պարգև ստանալը հասարակության մոտ չի ստեղծում տպավորություն, որ պաշտոնյաների զավակներն անպատժելի են, ՀՅԴ-ական պատգամավորը հակադարձեց, թե չկա նման բան, և այդ գործով պետք է տարվի քննուություն:

Արմեն Ռուստամյանին լրագրողները հիշեցրին նաև, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին պաշտոնանկ անելու պահանջն է բարձրացրել Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Անահիտ Բախշյանը. «Ինձ այդ պահանջը ոչինչ չի ասում: Պաշտոնանկ անելու ձևեր կան, դրա համար նախատեսված կարգ կա, էդ ամենը կանեն, կհասնեն իրենց նպատակին»,- ասաց Ռուստամյանը՝ չընկալելով՝ ինչու պետք է ԿԳ նախարարը պաշտոնանկ արվի: 

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի 17-ամյա որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվեց այն բանից հետո, երբ նա դարձավ մահվան ելքով ավտովթարի պատճառ: Վերջինս ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակվեց, որից կարճ ժամանակ անց՝ ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրվեց անձամբ երկրի նախագահի կողմից՝ բարձր առաջադիմության համար: