Աժ-ն արդարացնում է սպասելիքները, նիստերն ընթանում են բացառապես իշխանության սցենարով։  Ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ դեռևս հանդես չեն գալիս խելամիտ կամ ոչ խելամիտ  առաջարկներով, բոլորը դիտորդի դերում են. տպավորություն է ստեղծվում, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարել։ Ընդդիմադիրների նման անգործունակությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Սուր եզրակացություններից զերծ մնալու համար կարող ենք փաստել, որ ընդդիմադիրները չեն պատրաստվում ընդդիմանալ և սպասում են ՀՀԿ-ի բացթողումներին։ Նոր նստաշրջանի նմանությունը նախորդներին՝ կայացավ  ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ ևս։ Այստեղ են ասել՝ «լավագույն ավանդույթները պահպանվում են»։

Հիշում ենք, որ 2014թ.-ին պատգամավորներ Հարություն Դարագյոզյանը, Վահագն Մախսուդյանը և Արշակ Մխիթարյանը բազմիցս քվեարկեցին իրենց գործընկերների փոխարեն։ Այսօր ևս ՀՀԿ-ական պատգամավորները կրկնեցին նույն քայլը։ Այս պահվածքը բնորոշում է տվյալ կուսակցության անլուրջ վերաբերմունքը երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ։ Եթե խորքային դիտարկենք, ժողովուրդն ընտրել է այդ մարդկանց, որպեսզի յուրաքանչյուրն իր փոխարեն քվեարկի, նշանակում է՝ պատգամավորները չեն գնահատում իրենց վստահված ձայները։ Այսօր տեղի ունեցածին անդրադարձան Նիկոլ Փաշինյանը և Միքայել Մելքումյանը։ Նիկոլ Փաշինյանի նկատողությանն ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց, որ էնպես կանեն, որպեսզի բացառեն նման դեպքերը, այնինչ՝  ԱԺ կանոնակարգ օրենքում հստակ սահմանված է, թե ինչ տույժեր են հասնում մնան կարգազանցություն կատարած պատգամավորներին։ Միքաել Մելքումյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի սուր քննադատությանն, ասաց, որ քաղաքական մեծամասնությունն է, դա նշանակում է՝ նա ընդունում է իր անզորությունը և չի կարող ընդդիմանալ նման պարագաներում։

Այս ու նմանատիպ սոսկալի քաղաքական աղետները հաղթահարելը ազգապահպան նշանակություն ունեն, քանի որ մենք անցում ենք կատարում պառլամետնարիզմի, և այս ռեժիմին ինտեգրվելու առաջին նախապայմանը նման ավանդույթներից ժամ առաջ ձերբազատվելն է։

Վաչիկ Գրիգորյան