Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով հայտարարեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին տրված «նոր բովանդակությամբ»։

Տերտերյանի բնորոշմամբ՝  առաջարկվում է տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը հանել խմբակցություններին տրված լիազորությունների շարքից։

Այս նախաձեռնության հետ համամիտ չէ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս խոսքով՝ այս փոփոխությունով փորձ է արվում Երևանի ավագանիում «Ելք» խմբակցությանը զրկել հանրաքվե անցկացնելու հնարավորությունից. «Այդ դրույթը «քաղաքական վիճահարույց» դրույթ է և այժմ պետք է հստակ հայտաարել՝ հանո՞ւմ է կառավարությունը այդ դրույթը, թե՞ ոչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տերտերյանը պնդեց, որ լրացուցիչ կքննարկեն և վերջնական դիրքորոշում կհայտնեն: 

Նախագծի մյուս զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին դիմելով՝ Փաշինյանն ասաց, որ այս փոփոխությունը հակասահմանադրական է, դրանով իշխանությունը փորձում է թաքուն քայլեր իրականացնել. «Ձեր փոփոխությունը ոչ միայն չի համապատասխանում, այլև ուղիղ հակասում է Սահմանադրությանը: Ինձ համար միանշանակ է, որ իշխանությունն ուղղակի մտավախություն ունի, որ Հայաստանում կարող են բուռն հանրահավաքներ սկսվել, և սրանով ուզում է բերել-հասցնել էլի 2008 թվականի արտակարգ դրության վիճակին»,-նշեց Փաշինյանը: