Ազգային ժողովը շարունակում է 2-րդ նստաշրջանի առաջին քառօրյան: ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանի բացակայությունը և գրավոր տեղեկացնելը քննարկման առիթ հանդիսացավ «Ելք» խմբակցության պատգամավորների մոտ:

ԱԺ նախագահը նշեց՝ Արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով գործուղման մեջ, գրավոր ներկայացրել է, թե ինչպես է պատրաստվում քվեարկել ներկայացված օրինագծերի համար:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ա. Զեյնալյանը հեռակա քվեարկության վերաբերյալ նամակի բովանդակությանը ծանոթանալու ցանկություն հայտնեց, որպեսզի կարողանա դիրքորոշում հայտնել:

Բաբլոյանն ընդգծեց, որ Աշոտյանն իր դիրքորոշումն է հայտնել գրավոր և կողմ է քվեարկել օրինագծերին, իսկ բովանդակությանը կարող են ծանոթանալ քարտուղարությունից:

«Տեղեկանքը վավերացվել է քարտուղարությունում, կարող եք դրա հետ ծանոթանալ»,- պատասխանեց Բաբլոյանը:

Քվեարկության դրվեցին մի շարք օրինագծեր, որոնցից մեկը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելն է: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցութան պատգամավորները նշեցին, որ օրենքում կատարվող փոփոխություններն անհասկանալի են և դեմ քվեարկեցին օրենքին:

Սակայն այն ընդունվեց ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ձայների մեծամասնությամբ: