«Հավաքների ազատության մասին» օրենքի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին հարցն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունեց 68 կողմ, 28 դեմ ձայների համամասնությամբ: Հանրահավաքներին կարող են մասնակցել ե՛ւ ոստիկանները, ե՛ւ զինծառայողները, սակայն առանց համազգեստի եւ քաղաքականության։ Այս մասին, օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս, Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը։ Պատգամավորների հիշեցմանը, որ ապաքաղաքական հավաք, որպես այդպիսին՝ բնության մեջ գույություն չունի, Թովմասյանն առարկեց․ «Ինչու՞։ Պատկերացրեք, որ իքս երգիչը Հայաստան է ժամանում։ Նրա գալու դեմ հանրահավաք է կազմակերպվում։ Օրինակ՝ եթե նախկինում նա հակահայկական հայտարարություններով է հանդես եկել կամ մարդիկ կարծում են, որ նա չի համապատասխանում մեր մշակույթի ոգուն։ Ոստիկանները կամ զինծառայողները կարող են առանց ծառայողական համազգեստի մասնակցել նման հանրահավաքի, քանի որ այն որեւէ քաղաքական ուժի օգտին չէ»։

Ստացվում է՝ Թովմասյան Հրայրն այն կարծիքին է, որ հանրահավաքը քաղաքական կարող է կոչվել միայն այն ժամանակ, եթե որևէ քաղաքական ուժի դեմ է: Այսինքն, եթե որոշենք հանրահավաք անել, ասենք, Բյուլբյուլօղլու դեմ, հաշվի առնելով նրա բազմամյա հակահայկական գործունեությունը՝ դա նորմալ է և օրենքի սահմաններում, իսկ եթե ցանկություն ունենանք մեր բողոքի ձայնը հասցնել ՀՀ իշխանություններին, ցույցն անմիջապես վերածվում է քաղաքականի: Ինչ խոսք, սեփական իշխանությունն ապահովագրելու ավելի աբսուրդային տարբերակ՝ դժվար էր նույնիսկ պատկերացնել: Հրայր Թովմասյանի իրավական միտքը նոր կատեգորիա է առաջ քաշել՝ ապաքաղաքական հավաքներ, մինչդեռ հանրահավաքը մնում է հանրահավաք։ Այն միշտ քաղաքական է, չի եղել հանրահավաք բնապահպանական խնդիրներին նվիրված, որը չուղեկցվի քաղաքական հրաժարականների պահանջով։ Նույն «Էլեկտրիկ Երևանը» կոչված էր լուծելու սոցիալական խնդիր, սակայն առաջ էր քաշում հստակ քաղաքական մեսիջներ և պահանջներ: Բազմաթիվ հիմնավորումներ կարելի է գտնել, չենք էլ կասկածում Թովմասյանի կրեատիվի վրա, սակայն չպետք է մոռանալ, որ սա օրենք է, որը վերաբերվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկին, հասկանում ենք, որ իշխանությունները խուսափում են հանրային դժգոհությունների ալիքից, ֆորս-մաժորներից և վերարտադրվելու գերնպատակ ունեն, սակայն՝ աբսուրդն էլ սահմաններ ունի, պարոնա՛յք…

 

Ստելլա Խաչատրյան