Պաշտպանական բարեփոխումներին ուղղված ֆինանսական ներդրումները կազմում են պետական բյուջեի ահռելի մասը և պատահական չէ, որ բոլորի ուշադրությունը սևեռված է հենց այս ոլորտում իրականացվող ծախսերի ու գնումների վրա։  Այդուհանդերձ, նախարարության ահռելի և ոչ այնքան իրատեսական վատնումների, բազմաթիվ կոռուպցիոն դեպքերի ու բացթողումների մասին մշտապես մամուլում խոսվում է։ Վառելիքի, ուտելիքի և այլ ռազմական անհրաժեշտության իրերի յուրացումներ, որոնք շատ ցածր մակարդակով կարծես թե մշտապես լուծում են ստանում պաշտոնանկությունների կամ տույժերի տեսքով։ Կարո՞ղ ենք փաստել, որ այս ամենի արդյունքում պատկերը փոխվել է կամ գոնե բարելավվել է, իհա՛րկե ոչ։ Եվ այս ամենի պատճառը ոչ թե ձախողված «խելահեղ» գաղափարներն են, այլ  կոնկրետ անիմաստ ու չափից դուրս ռիսկային ծախսերը։ Եվ մանր-մունր գողությունների ետևից ընկնելով, մեր իշանությունները մոռանում են մեծ ձկների մասին, ովքեր իրենց անիմաստ ծախսերով անհամեմատ ավելի մեծ չափի վնաս են հասցնում։

Հենց երեկ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ ՊՆ-ն թելերի մրցույթում լրիվ նույն հումքն  առաջարկող 2 արտադրող ընկերություններից ընտրել է անհամեմատ ավելի թանկը, որի գինը 4 անգամ գերազանցում է մրցակցի առաջարկածին։ Քանի որ դեռևս ՊՆ-ն չի պարզաբանել այս երևույթը, մեզ մնում է հիմնվել նրա վրա, ինչ ունենք։ Իսկ ունենք այն, որ մրցույթում անտրամաբանական պայմաններում հաղթել է «Ինտերմեդ» ՍՊԸ-ն, որը գտնվում է Յուրի Խաչատուրովի ազդեցության տակ և ըստ մամուլի հրապարակումների, Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունն է վերահսկում ՊՆ բոլոր մատակարարումները։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում  բավականին վստահ իրեն զգալով՝ հայազգի գեներալը չի կարողանում զերծ մնալ ներքաղաքական ինտրիգներից, որը ևս մեկ անգամ փաստում է, որ այս համակարգում կադրային փոփոխությունները սիմվոլիկ բնույթ են կրում, ու ինքը չի պատրաստվում իր շերեփը հանել կաթսայից։

Ամենաանտրամաբանական ծախսերն ու մտահղացումներն ընդունվում են մեր հասարակության կողմից։ Ռոմանտիկ հայրենասիրություն քարոզելու՝ պետական մեխանիզմներ մտածելու բոլոր ջանքերն ուղղված են հանրության ուշադրությունը նմանատիպ երևույթներից շեղելու ուղղությամբ։

Վաչիկ Գրիգորյան