ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ խորհրդարան ժամանած Գագիկ Ծառուկյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցից հետո վերստին ակտիվացան խոսակցություններն ու հարցադրումները «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ կոալիցիայի մասին: Առաջին հայացքից՝ տպավորություն է, որ այդ հարցադրումներն ու քննարկումները, այսպես ասած, ռեֆլեքսային են, քանի որ գործնականում չի նշմարվում դրա որևէ տրամաբանական հենք:
 
Այնուամենայնիվ, ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, թե չի բացառում իշխող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:
 
Անդրադառնալով նույն հարցին՝ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ևս հայտարարել է, որ ԲՀԿ-ի հետ կոալիցիայի տարբերակը չի կարելի բացառել: Եթե և՛ ՀՀԿ-ի խոսնակը, և՛ ԲՀԿ առաջնորդը այդ տարբերակը չեն բացառում, նշանակում է՝ նման հարց քաղաքական օրակարգում կա: 2018-ի նախապատրաստական աշխատանքների համատեքստում սա ներքաղաքական գործընթացները հրապարակելու առաջին կոնկրետ քայլն է:
 
2018-ին իշխանությունն, իսկապես, կարող է նման քայլի գնալ. ժամանակին Սերժ Սարգսյանը, կարևորելով սահմանադրական փոփոխությունները, հայտարարում էր ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին: Այդ համաձայնության առաջին դրսևորումը ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան էր, եթե այդ խմբավորմանը միանա նաև խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը՝ «Ծառուկյան» դաշինքն, ապա այդ համաձայնությունը ավելի լիարժեք կդիտվի: Սակայն այդ ժամանակ աննախադեպ իրավիճակ կառաջանա ընդդիմադիր դաշտում՝ միակ ընդդիմությունը կմնա  «Ելք»-ը: Խորքային առումով սա կարող է բավարարել Սերժ Սարգսյանին, բայց այստեղ ամեն դեպքում խնդիր կարող է առաջանալ, եթե հաշվի առնենք, որ աշնանը Հայաստանը ստորագրելու է ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Մեկ ընդդիմադիր ուժը, այն էլ ընդամենը 9 տոկոս ներկայացվածությամբ, կարող է չբավարարել արևմուտքին: Այս պարագայում Սերժ Սարգսյանը կարող է օգտագործել ՀՅԴ-ին ընդդիմադիր դաշտ գործուղելու պահեստային տարբերակը: «Ծառուկյան» դաշինք-ի կոալիցիա մտնելու հայտը վատ նախանշան է ՀՅԴ-ի համար:
 
Ի՞նչ կտա ՀՀԿ-ին «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիան. ՀՀԿ-ն խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն և ինքնուրույն կարող է և՛ Կառավարություն ձևավորել, և՛ անցկացնել իրեն անհրաժեշտ բոլոր օրենքները: Բացի այդ, «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա մտնելով՝ ավելանում է իշխանության սուբյեկտների քանակը: Միանգամից 30 պատգամավոր դառնում է իշխանություն: Մենք չենք հաշվում Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա առանց կոալիցիա մտնելու էլ իշխանության մաս է:
 
Լրացուցիչ 30 պատգամավորի իշխանություն դառնալը նշանակում է ևս 30 մարդու ախորժակի բավարարում: Ի՞նչ կստանա կոալիցիայից Գագիկ Ծառուկյանը, նա  կարող է ստանալ մի քանի նախարար և մարզպետ նշանակելու հնարավորություն, բայց դա ավելի շատ հավելյալ պատասխանատվություն է, և դրանից բխող հավելյալ գլխացավանք, քան արտոնություն: Այն, ինչ անհրաժեշտ է Ծառուկյանին իշխանությունից՝ նա ստանում է առանց կոալիցիայի մաս կազմելու՝ ներառյալ սեփականության անձեռնմխելիության երաշխիքները:
 
Ինչ վերաբերում է նրա խմբակցության անդամներին, ապա նրանք կարող են իրենց հարցերը լուծել միջնորդավորված, չնայած ոչ այն չափով, եթե լինեն իշխանությունում:
 
Բացի այդ, չմոռանանք, որ նախընտրական հանդիպումների ընթացքում Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը որևէ ուժի հետ կոալիցիա չի կազմելու և իր գլխավոր նպատակը ընտրություններում 50+1 ձայն հավաքելը: Հիմա, երբ Ծառուկյանի և իր թիմակիցների գլխավոր խնդիրը իրականություն չի դարձել, առնվազն զավեշտալի տպավորություն կթողնի կոալիցիա կազմելը: Այս ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի արմատական փոփոխություններ, որոնք թույլ կտան Ծառուկյանին արդարացնել իր այս խոսքը դրժելը, հետևաբար, առաջանում է նաև անձնական հեղինակության պահպանման խնդիր ավելին քան ունի այսօր Գագիկ Ծառուկյանը հնարավոր կոալիցիայից չի ստանա, հետևաբար լուրջ մտորելու առիթ է՝ արժէ արդյոք մտնել մի խաղի մեջ, որտեղ հնարավոր կորուստները մի քանի անգամ գերազանցում են հնարավոր ձեռքբերումներին:
 
Ստելլա Խաչատրյան