«Ըստ իս՝ Նարինե Թուխիկյանն իր մասնագիտական գործունեությունը կատարել է լավագույնս, իր պարտականություններից դուրս որևէ բան չի կատարել և այն, որ նախարարությունը փակել է նրա հեղնակած «Խավարում» ցուցահանդեսը, ես համարում եմ կիսատ-պռատ գրաքննությյուն, այնպես, ինչպես մեր երկրում ամեն բան է»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկինիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը: 

Բաբայանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպես է վերաբերվում հասարակության խիստ բացասական արձագանքին: Ի պատասխան՝ նա նշեց, որ նման թատրոնի փակումը պատասխանն է այն ընտրության, որի արդյունքում Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ. «Սա է դրա հետևանքը, ժողովուրդը իր կաշվի վրա զգում է ԵՏՄ-ի ազդեցությունը: Տեղն է մեզ, թող տեսնեն, թե ինչ ընտրություն են կատարել, ինչ արժեհամակարգի կրող են դարձել: Ես ուրախ եմ, սա ԵՏՄ-ի ազդեցության լավագույն դրսևորումն է»,-ասաց Ռուբեն Բաբայանը:

Ասուլիսի մյուս բանախոս՝ Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բնորոշմամբ՝ պետությունը խոչընդոտել է ցուցահանդեսին՝ ոտնահարելով հեղինակային իրավունքը. «Պետությունն իր պարտավորությունը չի կատարել, օրինակ, Ցեղասպանության հարցի վերբերյալ, քանի որ չի պաշտպանում այն մարդկանց շահերը, ովքեր ցեղասպանության և բռնաճնշումների են ենթարկվել այլ պետության տարածքում: «Խավարում»ցուցահանդեսից բացի, նաև ստեղծագործողներ են ենթարկվել հետապնդումների, օրինակ՝ առաքելական եկեղեցու կողմից: Ստացվում է, որ մեր պետությունն իր պարտականությունները չի կատարում և ավելին՝ խոչընդոտում է կատարողների աշխատանքը»,-ասաց Արթուր Սաքունցը: 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ եթե ցուցահանդեսը չվերաբացվի, հնարավո՞ր է՝ սա առաջացնի հասարակության առավել բուռն բողոքի՝ հանգեցնելով Մշակույթի նախարարի պշտոնանկության պահանջի, Սաքունցը պատասխանեց. «Հրահանգ եղել  է Բաղրամյան 26-ից և հրահանգողը Սերժ Սարգսյանն է եղել: Ամիրյանին փոխելով՝ հարցը չի լուծվի, սա իրենց խելքի բանը չի, իրենց պարտադրվել է այդ որոշումը, իսկ եթե չվերաբացվի ցուցահանդեսը, հասարակությունը պետք է նորից կազմակերպի նման ցուցահանդեսներ»:  

Վերջինիս պնդմամբ՝ քաղաքական բռնաճնշումների մասին պատմող ցուցահանդեսը, երբ գործող իշխանությունը համարում է քաղաքականացված, նշանակում է, որ իրենք էլ են տվել նման հրահանգներ և խնդիրն այստեղ ոչ թե արվեստի, այլ իշխանության որակի մեջ է: 

Աղավնի Սուքիասյան