Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կրակոցներ են հնչել Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ: 

Դեպքի վայում աշխատում են ոստիկանները: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցն այս պահին գտնվում է դեպքի վայրում: 

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այս պահին որոշակի մանրամասներ հայտնեց. «Այսօր, ժամը 3:30-ի սահմաններում, կրակոցներ են հնչել, երկու անձ հրազենային վիրավորում են ստացել: Մեկը՝ 1974 թվականին ծնված Գագիկ Մոսինյանն է՝ Լոռու մարզի բնակիչ, ով մահացել է, մյուսը՝ 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանը՝ նույնպես Լոռու մարզից է, Ալավերդի քաղաքից: Վերջինս այժմ գտնվում է «Աստղիկ» ԲԿ-ում:

Սպանության հանգամանքները պարզվում են: Իրականացվում են համապատասխան լայնածավալ որոնողական աշխատանքներ: Այս պահին հստակ չէ, թե քանի հոգի են եղել կրակողները: Առգրավվել են տարածքում գտնվող տեսախցիկները»,-լրագրողների հետ զրույցում սպանության վերաբերյալ մանրամասներ հայտնեց Աշոտ Ահարոնյանը: 

Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից արձակված պարկուճներ և 1 հատ ինքնաձիգ։