Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 81 պատգամավոր: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը նշեց, որ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխություններով: 

«Մասնավորապես, «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանվել է, որ բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաները տրվում են լիցենզիա ստանալու համար օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում: Ըստ էության, «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի որոշ հոդվածների համապատասխան մասերում ֆիքսված է լիցենզիայի տրամադրման 30-օրյա ժամկետ և նշված չէր՝ օրացույցային, թե աշխատանքային օր: Հետևաբար, առաջարկում ենք այդ հոդվածում 30-օրյա ժամկետը փոխարինել 23 աշխատանքային օր ժամկետով»,- մանրամասնեց փոխնախարարը:

Դավիթ Անանյանը հավելեց, որ օրինագիծը ունի բարելավող նշանակություն: Նրա խոսքով՝ իրավական նորմը, որը կառավարությունն  առաջարկում է փոխել, տնտեսավարողների համար ունի բարելավող և ճշգրտող նշանակություն: