ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով կվերացվի ուսանողներին տրվող տարկետումը պարտադիր զինվորական ծառայությունից: Բացառության կլինի միայն մեկ դեպքում: Այս մասին տեղեկացնում է razm.info կայքը` հղում անելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին: Դրանով նախատեսվում է, որ ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ հետ եւ ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, իսկ այնուհետեւ՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ կողմից նշված վայրում, նշված պայմաններով:
 
Վերջին շրջանում ՊՆ և անձամբ Վիգեն Սարգսյանի կողմից բավականին ռեզոնանսային որոշումներ են կայացվում: Ըստ նախարարի՝ այս տարվա հունիսի 20-ի հրամանի՝ սպաներին առաջարկվել է իրենց հետ կնքած պայմանագրերի փոփոխված տարբերակը: Ըստ այդմ՝ եթե ռազմական համալսարանն ավարտած սպան մինչև 10 տարին լրանալը ծառայությունից հրաժարվի, տարեկան 1 մլն դրամ է վճարելու պետությանը՝ ներկայիս 250 հազար դրամի փոխարեն: Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ-ն ամեն քայլի պատրաստ է լուծելու բանակի համալրման խնդիրը, որը կարծես թե սրվել է երկրի դեմոգրաֆիական և սոցիալ-տնտեսական անկման ֆոնին: Պատրաստ է անգամ մտնել կրթության ոլորտ և որոշակիորեն սահմանափակել անձի կրթություն ստանալու իրավունքը: Մինչդեռ Ազգ-բանակ հայեցակարգի հիմքում բնավ էլ զոռբայությունը չէ, այլ կամավոր սկզբունքով հայրենիքին ծառայելը: Պետությունը պարտավոր է այնպես անել, որ ուսումը կիսատ թողնող ուսանողը վստահ լինի, ունենա սոցիալական երաշխիքներ, որ պատկան մարմինների կողմից կարժանանա համապատասխան ուշադրության և վերաբերմունքի: Նման մոտեցումից կշահի և՛ ապագա զինվորը, և՛ սպան, և՛ հայոց բանակը:
 
 
Ստելլա Խաչատրյան