Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս բերելու գործընթաց սկսելու նախաձեռնությունը միջոց է այդ թեմայով հանրության հետ երկխոսություն սկսելու և հանրային քննարկում ծավալելու համար: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ մեզ մոտ արդեն ստացվել է այդ թեմայով երկխոսություն սկսել հանրության հետ, որովհետև բոլոր հեռուստաընկերությունները, թերթերը, կայքերը, որոնք ես բացում եմ, գրում են և խոսում են այդ թեմայով»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իրենց նախաձեռնության վերաբերյալ արդեն արձագանքներ են գալիս նաև Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներից: «Գործընթացը մենք արդեն սկսել ենք, սկսվել է հանրային մեծ դիսկուրս: Ես կարծում եմ, որ հիմա մենք ունենք բոլոր լծակներն այդ դիսկուրսը շարունակելու համար»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը: