Հայաստանի խորհրդարանում Կառավարության հարցուպատասխանի ժամին վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով «երրորդ երկրներից» գազ գնելու հնարավորության մասին հարցին, ասել է, եթե ինչ-որ մեկը սահմանին ավելի էժան գազ առաջարկի, քան ռուսականն է, անմիջապես պայմանագիր կստորագրի:
 
Ինչպես հայտնի է, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց հայ-ռուսական գազային համաձայնագիրը, որով «Գազպրոմին» փոխանցվեցին «Հայռուսգազարտի» վերջին 20 տոկոս բաժնեմասերը:
 
Պայմանագրով նաև սահմանվեց բնական գազի գնագոյացման հարցը: Հիշում ենք, որ բոլորիս համոզում էին, թե պայմանագրի շնոհիվ մենք գազը ստանալու ենք Ռուսաստանի ներքին և «շատ» շահավետ գներով: Բացի այդ, մեզ «բացատրում» էին, որ համաձայնագրի շնորիվ գազը չի թանկանա առաջիկա 5 տարիների ընթացքում:
 
ՌԴ-ն հայ-վրացական սահմանին 1000 խմ գազի գինը սահմանել է 150 դոլար, մինչդեռ այն ՀՀ սպառողներիս վաճառվում է կրկնա­կի թանկ գնով՝ մոտ 300 դոլարով: Մեր սպառողն ակնհայտ բարձր գին է վճարում գազի դիմաց:
 
Այս պայմաններում հավասար մրցակցային պայմաններ, այսպես կոչված, Եվրասիական տարածքում հնարավոր չէ ապահովել:
Ի սկզբանե նույն բելառուսական տնտեսվարող սուբյեկտները հայտնվում են մրցակցային առավելության մեջ, կորչում է նույնիսկ այդ ընդահանուր տարածքի, շուկայի հավասար պայմանների քարոզվող գաղափարը:
 
Վերջին երեք տարում աշխարհում գազի գները մոտ 2,5-3 անգամ անկում են ապրել. «Եվրոպայում վաճառվող ռուսական գազի գինը 2,7 անգամ նվազել է: Երեք տարի առաջ Հայաստանի համար սահմանին գինը ֆիքսվեց 190 դոլար, մոտ մեկ տարի է 150 դոլար է և դա շատ բարձր գին է:
 
Այս «դաշնակցային» գազի սակագինը բլեֆ է և վաղուց արտոնյալ չէ: Հայաստանը Ռուսաստանին շատ մոտ է, և, ընդամենը, 10 տոկոս տրանզիտ է տրվում Վրաստանին, այնինչ՝ Եվրոպան հեռու է և տրանզիտի ծախսերը բարձր են, սակայն գազի սակագինը եռապատիկ անկում է ապրել: Ամեն տարի կայացվում է ոչ թե առևտրական, այլ քաղաքական որոշում: Եթե Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում քաղաքական որոշում է կայացվում, դա դեռ ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ «Գազպրոմ»-ին այնտեղ այլընտրանք չկա, իսկ մեզ համար այլընտրանք կա՝ Իրանը, սակայն, Հայաստանը իրանական գազի սակագնի շուրջ բանակցութուններ երբեք չի վարել:
 
Հայաստանի իշխանությունների ռուսամետության պատճառով Հայաստանում գազի սակագինը բարձր է: Մենք մտել ենք ԵՏՄ, բայց ամենաթանկ գազ և էլեկտրաէներգիա ունեցող երկիրն ենք, և դրանց թանկ լինելը Հայաստանում խոչընդոտում է արդյունաբերության զարգացումը:
 
Եթե Կարեն Կարապետյանը անկեղծորեն ցանկանում է, որպեսզի հայ սպառողը ցածր գին վճարի գազի դիմաց, ապա նա գիտի լուծումը՝ ապամենաշնորհել գազային շուկան, չեղյալ հայտարարել «Գազպրոմ Արմենիայի» 110%-անոց մարժան,  միայն այդ ժամանակ Հայաստանը ձեռնտու առաջարկներ կստանա ոչ միայն Իրանից:
 
 
Ստելլա Խաչատրյան