Ալեքսանդր Լապշինն արձանագրեց այն,  ինչ տարիներ շարունակ ասել է հայկական կողմը, այն, որ Ադրբեջանը հակաժողովրդավարական, ռասիստական պետություն է: Մեկնաբանելով երեկ Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո սոցցանցի իր էջում կատարած առաջին  գրառումը՝ նման դիտարկում արեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանը ոչ միայն հայատյաց, այլեւ առհասարակ հիվանդագին քաղաքականություն է վարում: Լապշինի արձանագրումները պետք է նաեւ որոշակի մեսիջ լինեն միջազգային հանրության համար. էլ չեմ ասում, որ օտարազգի քաղաքացուն ոչ միայն ձերբակալել են, այլեւ ծեծի են ենթարկել, տանջանքների եւ  դա փորձել են ներկայացնել որպես ինքնասպանության փորձ: Սա ապացուցում է, որ Ադրբեջան պետությունը լիովին հիմնված է ստի եւ կեղծիքի գաղափարախոսության վրա»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա համեմատեց Ադրբեջանի ներկայիս քաղաքակությունը երիտթուրքական քաղաքականության հետ՝ ընդգծելով, որ Արցախի  ժողովուրդը պետք է կանգնի իր ինքնապաշտպանական պայքարին, քանի որ Ադրբեջանի հաշվարկերում ոչինչ չի փոխվել:

«Սա արձանագրում է, որ 21-րդ դարում կա մի պետություն, որը Եվրոպայի խորհրդի անդամ է, սակայն որտեղ հիմնական գաղափարախոսությունը ռասիզմն ու հակահայկականությունն է»,-նշեց նա:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ ինչպես նախկինում, այդպես էլ այժմ տարբեր կառույցներում գործող հայկական պատվիրակությունները  բարձրաձայնելու են Ադրբեջանի նման քաղաքականության մասին:

«Նույնը պատրաստվում ենք անել հոկտեմբերի 12-14-ն անցկացվելիք ՀԱՊԿ-ի խորհրդանական վեհաժողովի շրջանակում»- եզրափակեց նա: