Ադրբեջանի աբսուրդային դիրքորոշումը մի շարք հարցերի առիթ է տալիս, քանի որ այդ երկիրը կորցնում է ադեկվատությունը: Մեկնաբանելով երեկ Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո սոցցանցի իր էջում կատարած առաջին  գրառումն Ադրբեջանում անցկացրած դաժան օրերի մասին՝ նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«Լապշինի գործն ընդհանրապես դատարկ, անիմաստ նախաձեռնություն էր, եւ  թե ինչու Ադրբեջանը  մտավ դրա մեջ, մինչ այժմ չեմ էլ հասկանում: Ինձ թվում է՝ այն հետապնդում էր որոշակի նպատակներ՝  հաշվի առնելով, որ Լապշինը մի քանի երկրների  քաղաքացի է՝  այդ թվում, նաեւ Ռուսաստանի եւ Իսրայելի,   իրենից  ներկայացնում է ինչ-որ մի նշանակալի դեմք,  ում հայտարարությունները կարող են փոխել հասարակական կարծիքը: Ադրբեջանը  պետք է լրջորեն մտածի իր գործողությունների մասին»,-ասաց նա:

Քաղաքագետը շեշտեց, որ ոչ մի «սեւ ցուցակ» Արցախը փակ չի պահի միջազգային հանրության համար: Նրա հավաստմամբ՝  դա երբեք չի լինի:

«Արցախ այցելել են եւ շարունակելու են այցելել  լրագրողներ, պատգամավորներ  եւ քաղաքական գործիչներ, քանի որ, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները,  նրանք պարտավոր են այնտեղ լինել»,-եզրափակեց Ստանիսլավ Տարասովը: